copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:50 24-10-2022

Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության վերելք է ակնկալվում. India Narrative

Հնդկական India Narrative կայքը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Հնդկաստան կատարած այցին:

Կայքը գրում է, որ ակնկալվում է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը վերելք է ապրում այն բանից հետո, երբ Հայաստանից բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է Հնդկաստան և մասնակցել Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդեսին:

Նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ հանդիպմանը ուշադրությունը կենտրոնացրել է ռազմական և ռազմատեխնիկական երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների վրա:

«Պապիկյանն ու նրան ուղեկցողները քիչ ժամանակ չեն հատկացրել Ասիայի ամենախոշոր պաշտպանական միջոցառմանը ցուցադրվող նմուշները ուսումնասիրելուն»,- գրում է կայքը՝ հավելելով, որ կարևոր այցը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական էսկալացիայի ֆոնին:

Կայքը գրում է, որ Հնդկաստանը հետևողական դիրքորոշում ունի Կովկասի տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ՝ մարտական գործողությունների հենց սկզբից հակամարտությունը խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կոչ հնչեցնելով:

India Narrative-ը մեջբերել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքերը իր հնդիկ պաշտոնակցի հետ հանդիպումից հետո. «Ես ներկայացրեցի Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնեցին Հնդկաստանին միջազգային հարթակներում արտահայտած հստակ դիրքորոշման համար: Ես նաև իմ գործընկերոջը հրավիրեցի պաշտոնական այց կատարել Հայաստան»:

Այնուհետև կայքը հավելում է. «Քանի որ Թուրքիան և Պակիստանը ամբողջությամբ աջակցում են Ադրբեջանին, Երևանը ձգտում է ամուր ռազմավարական համագործակցություն հաստատել Նյու Դելիի հետ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 2020 թվականին Հնդկաստանը Հայաստանին մատակարարել է զինամթերքի հայտնաբերման 4 Swathi ռադար՝ ընդհանուր 40 միլիոն դոլար արժեքով: Այդ պահից սկսած Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական նորագույն ռազմական տեխնիկայի, մասնավորապես, Pinaka հեռահար հրթիռային համակարգերի, ATGM հակատանկային կառավարվող հրթիռների և Akash զենիթահրթիռային համակարգերի նկատմամբ»,- գրում է կայքը՝ հիշեցնելով, որ վերջերս հաղորդվել է կողմերի միջև 250 միլիոն դոլարի զենքի մատակարարման պայմանագրի կնքման մասին:

Կայքը նաև հավելել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմադարյա կապերն ավելի ամուր են դարձնում համագործակցությունը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg