copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 09:28 06-07-2022

Անորոշություն կա օդում, հոգում, աչքերում. հայի՞ց, ռուսի՞ց, թե՞ թուրքից

Գուցե աշխարհի քաղաքների շարքում չեն տեսնում, բայց աշխարհի ամենամաքուր քաղաքներից է Ստեփանակերտը: Այդ մաքրությունը, անդորրն ու հանգիստը, պատերազմող ու չճանաչված երկրի խաղաղությունը ճանաչում ես անգամ մեքենայի ապակուց հայացքդ պտտելով փողոցում, մարդկանց ու շենքերի վրա՝ դեռ ոտքդ մայթեզրին չդրած, մարդամեջ չմտած:4

Աղավնոյի, Բերձորի, թուրքի ձեռքով հայերի համար սարքվող նոր ճանապարհի, փաստաթղթեր ստուգող ու քեզ տնտղող ռուս խաղաղապահների, կրկնվող, նույնությամբ բացվող ու փակվող անցակետերի, քթիդ տակ Շուշին հսկող ազերի զինյալների թողած ստվերը սրտիդ վրա՝ բուռ-բուռ գումարվող ու քեզնից քեզ հանող սեղմումն ու ստամոքսում հավաքված լեղիի պես մարմինդ կծկող հոգեմաշը, տեսած ֆիլմի նման է դառնում Ստեփանակերտ մտնելուց անմիջապես հետո:

Քաղաքն իր կյանքն է ապրում՝ առօրյա, սովորական, անվրդով, նման բոլոր փոքրիկ երկրների փոքր մայրաքաղաքներին: Իսկ մարդկաց շարժումներում, նիստ ու կացում բնավ էլ չի երևում՝ ճանաչվա՞ծ են, թե՞ անճանաչ՝ որպես պետականություն: Նախագահի նստավայրն իր տեղում է՝ Արցախի դրոշով ու զինանշանով, Ազգային ժողովի շենքը՝ իր տեղում, նույն կերպ էլ՝ կառավարությունը: Իսկ շուկայում ժենգյալով հացն է, համեմունքներ և Արցախի բնաշխարհին հատուկ բարիքներ: Փողոցը հոսում է հանդարտ, համաչափ՝ և՛ մեքենա, և՛ հետիոտն:

Պատկերասրահում քանդակների ու կտավների ցուցադրություն է. Արցախի երիտասարդ ստեղծագործողներն են պատերազմից հետո: Մշակույթի տներում ասմունքում են, գրական ստեղծագործություններով մրցում, մտավորականները հանդիպում են ուսանողների հետ: Գիրք է, կտավ, երաժշտություն, մանուկների ջրաներկ նկարներ՝ ստվարաթղթի վրա, լույսից, երազից, հեքիաթից պոկված հոգու նուրբ թերթեր:

Ճարտարի բեմից երգում է Արթուր Խաչենցը. Թամանյանի նախագծով է կառուցվել մշակույթի տունը: Մարտակերտում նորից Արթուրն է՝ կիթառն ափերի մեջ: Շուրթերին Արցախի փշոտ լեզուն է, հոգում՝ կորցրած Հադրութը: Մերթ ընդ մերթ բեմը զիջում է պարախմբերին, որ Արցախի գրեթե բոլոր գյուղերից են, ամեն բնակավայր իր երգն ու պարն ունի: Իսկ Ստեփանակերտում Շուշան Պետրոսյանի բացօթյա մենահամերգն է. բեմից իջնում ու հանդիսատեսին է միանում երգով ու պարով:

Այս ամենը մեկ անուն ունի՝ ապրելու ձայնը: Արցախն ապրում է և որևէ մի երկրից պակաս ու վատը չէ նրա օրը: Ծիծաղում է, երգում է, պարում, գրում է, նկարում, քնում է ու արթնանում, աշխատում, ստեղծում, երեխաներ ծնում, իր մարտական դիրքերը հսկում՝ թշնամուն դեմ ու հանդիման: Չի կոտրվել, չի հուսահատվել, չի լքելու իր չքնաղ աշխարհը, ինքն է իր երկրի տերը: Բայց անորոշություն կա օդում, հոգում, աչքերում. չգիտի՝ վաղն ինչ է սպասվում իրեն: Եվ չգիտի՝ ումից են գալու սպասածն ու անսպասելին՝ հայի՞ց, ռուսի՞ց, թե՞ թուրքից։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան