copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 16:39 27-06-2022

Նայե՛ք ու կտեսնե՛ք

Օրվա լրահոսը տեղեկացնում է, որ դրածո վարչակալը հիմա տարվա առաջին ու դարձյալ հեռակա, մեկուսի ասուլիսն է տալիս, մինչդեռ հինգ տասնյակից ավելի լրատվամիջոցներ նրան բոյկոտում են։ Չեն ուզում տեսնել ու ժողովրդին էլ ցույց տալ նրա սֆաթը, չեն ուզում լսել ու ժողովրդին էլ փոխանցել նրա բացահայտ ստերը, չեն ուզում ցուցադրել «կուտ տալու» և «ուղեղներ լվանալու» հերթական ներկայացումը։

Լրահոսից տեղեկանում ենք նաև, որ դրածո վարչակալի հաստիքային «կուտ տվող»-ի, համատեղությամբ նաև ԲԴԽ նախագահի պաշտոնակատար աշխատողի մոտ հանկարծ «առողջական խնդիրներ» են առաջացել։ Այսինքն՝ հրապարակված ձայնագրության արդյունքում իր բանսարկու կեղծարարի կերպարը բացահայտելուց ու խայտառակվելուց հետո նա մեր երկում արդարադատությունը ոչնչացնելու իր «վզին դրված առաքելությունից» հրաժարվելու և անպատիժ երկրից հեռանալու ամենից «անմեղ» ձևը գտել է։ Դե իսկ սորոսական վարձու «իրավապաշտպանները» ցնծության մեջ են, քանի որ պետությունը քանդելու գործիքն իրենց ձեռքը վերցնելու և իրենց դիլետանտությամբ դատական իշխանությունը կործանելու նոր ու հավելյալ հնարավորություն են ստանալու։

Լրահոսից իմանում ենք նաև, որ հիմա դատարանը քննում է կապիտուլյանտ գերագույն գլխավոր դասալիքին քրեական պատասխանատվության կանչելու պահանջը։ Սա են պահանջում դրածո վարչակալի մեղքով զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները։ Ժողովուրդը թավշյա ռեժիմի կուռքին պետական դավաճանության մեղադրանք է ներկայացրել։ Ի դեպ, արդեն մեկ տարի ժողովրդի արդարացի ցասումից անձնական գվարդիականներով, հատուկջոկատայիններով ու ոստիկանական պատնեշներով պատսպարվող ու պաշտպանվող մեղադրյալը դեռ ընթացիկ տարվա ապրիլի 13-ին ԱԺ-ում հրապարակավ է խոստովանել իր մեղքը։ Նա հայտարարել է, որ այո՛, պատերազմը հնարավոր էր կանխել, և այդունքում կլիներ նույն իրավիճակը, ինչ հիմա է, սակայն առանց զոհերի։ Այսինքն՝ այսօր ժողովուրդը որոշակի միտումնավորությամբ ու նկրտումներով հայ զինվորներ զոհաբերած դավաճանին արդարացիորեն պատժելու բնականոն պահանջ է ներկայացրել, երրորդ` դատական իշխանությունը որոշակի կամք է դրսևորել ու, միանգամայն հնարավոր է, նաև հուսով ենք, ձեռնպահ է մնացել թավշյա ռեժիմի պատվերը կատարելուց, հայոց արդարադատության բարձրագույն դատական դահիճը փախուստի է նախապատրաստվում, չորրորդ՝ իշխանությունը դրածո վարչակալին բոյկոտ է հայտարել ու թողել է իր ֆեյքնյուզի ու գվարդիայի հետ մեն մենակ։

Համաձայնեք՝ սա շատ նման է բրեյգելյան այն համայնապատկերին, որում լավ երևում են առուփախի, հիստերիայի, խուճապահարության, տագնապի, հոգեվարքի, գագաթնակետին հասած անորոշության, քաոսի, վախի, կատարյալ անտերության, բարոյազրկության, բայց նաև հույսի ու հավատի տեսարանները։ Եվ չեն երևում իրավիճակը փրկողներ։ Առաջացած բազում ու բարդ խնդիրները լուծող որոշումներ կայացնող իրազեկ պաշտոնյաներ ու պատասխանատուներ չենք տեսնում։ Նրանք ուղղակի չկան։ Եվ սա միանգամայն բնականոն է։ Երբ երկրի ղեկավարը օտար թշնամու նշանակած դրածոն է, նրա նշանակած կադրերը ոչինչ չեն որոշում։ Իսկ երբ այդ դրածոն երկիր է ղեկավարում` չունենալով անհրաժեշտ կրթվածության ու իրազեկության անգամ նվազագույն մակարդակ, ուրեմն երկրի ու ժողովրդի ճակատագիրը որոշող նույնիսկ ամենապատասխանատու պաշտոններում նշանակվելու են բացարձակ անկիրթ ու անիրազեկ յուրայինները։ Այլապես նրանք, հանկարծ, կարող են մտածել։ Իսկ դա նշանակում է, որ չեն կարողանալու կատարել իրեն նշանակողին նշանակողի կայացրած որոշումները։ Մեկ նման դեպք, ու ողջ նշանակված համակարգը կարող է փլվել։

Հենց թավշյա ռեժիմի մոտալուտ տապալման վախն է, որ նշանակված վարչակալին ստիպում է ծայրահեղ զգուշավոր կադրային քաղաքականություն վարել։ Զգուշությունն ու վախը, ավա՜ղ, երկիրն ու ժողովրդին կործանելու մտավախությունից չեն, այլ պայմանավորված են կույր կրավորականությամբ։ Ռեժիմի՝ կադրեր ընտրելու առաջին սկզբունքը «ոչ մի պաշտոն հավատարմության երդում չտվածներին» իմպերատիվն է։ Իսկ գլխավոր սկզբունքը շատ ավելի կատեգորիկ է. «ոչ մի պաշտոն մտածելու և դատողություն անել կարողացողներին»։ Սա վերջի սկիզբն է։ Եվ այն աստվածաշնչյան արձանագրում ունի. «Երբ կույրը մեկ ուրիշ կույրի է առաջնորդում, երկուսն էլ փոսն են ընկնում»։ Կույրերի հետևից մի գնացեք։ Նայե՛ք ու կտեսնե՛ք։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը