copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:49 24-06-2022

Արգենտինայի հեղինակավոր կազմակերպությունները խստորեն քննադատել են Թուրքիայի դեսպանի` Ցեղասպանությունը ժխտող հայտարարությունները

Արգենտինայի հեղինակավոր 12 հասարակական կազմակերպություններ հունիսի 23-ին հայտարարություն են տարածել հունիսի 15-ին «La Nación» օրաթերթի հրապարակած՝ Արգենտինայում Թուրքիայի դեսպան Շեֆիկ Վուրալ Ալթայի նամակի վերաբերյալ՝ նշելով, որ հոդվածի միակ նպատակը Հայոց ցեղասպանության ժխտումն է, «20-րդ դարի առաջին ցեղասպանության», որի զոհերի թիվը շուրջ 1,5 միլիոն է: Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը հունիսի 24-ին հրապարակել է «Página 12» հեղինակավոր օրաթերթը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

«Մարդկության դեմ այդ հանցագործությունը ծրագրել և իրագործել է Օսմանյան կայսրությունը, որի իրավահաջորդը ներկայիս Թուրքիայի Հանրապետությունն է։ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է Արգենտինական Հանրապետության Ազգային Կոնգրեսի կողմից 2007 թվականի հունվարին` նախագահ Նեստոր Քիրշների կողմից վավերացված թիվ 26199 օրենքով, որով «յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»` ի հիշատակ ցեղասպանության, որին զոհ գնաց հայ ժողովուրդը»,- նշել են հասարակական կազմակերպությունները։

Հիշատակվել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության հարյուրավոր հայ մտավորականներ, հոգևորականներ և հասարակական գործիչներ համակարգված կերպով ձերբակալվեցին և աստիճանաբար սպանվեցին՝ սկիզբ դնելով այդ մեծ ողբերգությանը, որով Թուրքիան սկսեց պետական ահաբեկչության կիրառումը։ Այսօր այդ ամսաթիվը ներառված է Արգենտինական Հանրապետության պաշտոնական օրացույցում։ Հայտարարության հեղինակներն ընդգծել են, որ Թուրքիայում հայերի բնաջնջման անպատժելիությունը հիմք հանդիսացավ Հիտլերի համար` հրեա ժողովրդի հոլոքոստն իրականացնելու համար։

«Թուրք դեսպանի հիմնավորմամբ՝ ո՛չ հայկական, ո՛չ հրեական պարագաները չի կարելի անվանել «ցեղասպանություն», քանի որ երկուսն էլ տեղի են ունեցել ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայից առաջ։ Արգենտինայի հայ համայնքը, ինչպես և հայկական սփյուռքի այլ համայնքներ, ձևավորվել են սակավաթիվ այն վերապրողներով, ովքեր ժամանել են 1920-ականներին՝ իրենց հիշողություններով, պատմություններով ու վկայություններով և այսօր Արգենտինայի ազգային ինքնության մաս են կազմում: Բազմաթիվ զոհերի հիշատակի նկատմամբ բացարձակ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով՝ դեսպանն ասում է, որ արգենտինացիները ստախոս են, որ Ազգային կոնգրեսը կեղծում է պատմությունը, և որ այն երկրները, որոնք ճանաչել են այս հանցագործությունը, սխալվում են»,- շեշտել են Արգենտինայի 12 հասարակական կազմակերպությունները՝ հավելելով. «Որպես արգենտինացիներ՝ մենք ափսոսում ենք մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետի կողմից ճշմարտության և արդարադատության հանդեպ ցուցաբերած այդօրինակ վիրավորանքի համար»:

Հայտարարությունը ստորագրած կազմակերպություններն են՝

Plaza de Mayo-ի տատիկներ

Plaza de Mayo-ի մայրեր - Հիմնադիր գիծ Քաղաքական դրդապատճառներով անհետացածների և կալանավորվածների հարազատներ

Մարդու իրավունքների մշտական ասամբլեա

«Բարի հիշողություն» քաղաքացիական ընկերակցություն

Սուրբ Խաչի Տասներկուսի հարազատներ ու ընկերներ

«Հիշողություն, ճշմարտություն և արդարություն» հանձնաժողով - Հյուսիսային գոտի

Մարդու իրավունքների մշտական ասամբլեա La Matanza

Արգենտինական պատմական և սոցիալական հիշողության հիմնադրամ

Իրավական և սոցիալական հետազոտությունների կենտրոն

ՈՐԴԻՆԵՐ - Մայրաքաղաք

Էկումենիկ շարժում՝ հանուն մարդու իրավունքների

Ամենից շատ դիտված

22:30 5 անշարժ գույք, 75.1 մլն անկանխիկ, 20.9 մլն կանխիկ, 34.8 մլն եկամուտ. Վահագն Խաչատուրյանի, նրա կնոջ և որդու ունեցվածքը
17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
23:47 Պարագվայի Սենատը բանաձև է ընդունել Մբապեի շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:58 Քաղաքական կին գործչին դատավորը զրկել է անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից
21:07 Տեսան՝ ճգնաժամ չկա, հիմա բառախաղի հետևից են ընկել. Գյումրիի փոխքաղաքապետ