copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:51 16-06-2022

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ․ ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ դերը՝ որպես տարածաշրջանային անվտանգության ամենամեծ կազմակերպություն, և բարձր է գնահատել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը՝ իբրև ԵԱՀԿ պատասխանատվության գոտում համապարփակ և անբաժանելի անվտանգության ապահովման շուրջ երկխոսության խորհրդարանական հարթակ:

«ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտին համակարծիք էին, որ պատվիրակության այցը լավ առիթ է՝ ուրվագծելու կողմերի միջև փոխշահավետ համագործակցության նոր հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով տարվող աշխատանքների շուրջ դիրքորոշումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած Ադրբեջանի պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղն այլևս գոյություն չունի և Լեռային Ղարաբաղի հակամարտություն չկա, միջազգային հանրության շրջանում առկա է համընդհանուր կոնսենսուս առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ:

Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նշվում է, որ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունների առնչությամբ։ Նա դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակաբար հայտարարվող նկրտումները, որոնք լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու հայտարարությունների անկեղծությունը։

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև նպատակաուղղված քաղաքականություն է վարում 44-օրյա պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու մշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման ուղղությամբ: Այս համատեքստում ընդգծվել է հրատապ լուծում պահանջող այս խնդիրների լիարժեք հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործնական քայլերի կարևորությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում