copy image url
Մշակույթ Ավելին 4 տարի առաջ - 22:48 21-05-2022

Հեմինգուեյը, Արամ Խաչատրյանն ու Միկոյանը. մի հանդիպման պատմություն

1960 թ. փետրվարին Հավանայի Կերպարվեստի ազգային թանգարանում բացվեց Գիտության, տեխնիկայի և մշակույթի բնագավառում Խորհրդային Միության նվաճումների ցուցահանդեսը։

Բացման արարողությանը մասնակցելու համար Կուբա էր մեկնել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը։ Նրան ուղեկցում էր որդին` Սերգեյ Միկոյանը, որն էլ հետագայում այս պատմության մասին գրել է իր «Խոսք մարդու մասին» գրքում։

Անաստաս Միկոյանը ցուցահանդեսի բացումից հետո ցանկացել է անպայման հանդիպել ամերիկացի գրող, Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյին։ Գրողն այդ ժամանակ ապրում էր իր՝ Հավանայի արվարձանում գտնվող Finca Vigía կալվածքում։ Դա այն կալվածքն էր, որտեղ նա գրել էր իր հայտնի «Ծերունին և ծովը» վիպակը։

Սերգեյ Միկոյանը խորհրդային պետական ​​գործչի և ամերիկացի գրողի հանդիպումը համարում է իր կյանքի ամենապայծառ հիշողությունը։

«Վանդակավոր վերնաշապիկով և հին բրդյա, անթև բաճկոնով կենսուրախ ալեհեր տղամարդը մեզ ցույց է տալիս իր տունը, հյուրասիրում է մեզ ռուսական օղի, կատակում։ Մենք առաջին անգամ ենք այստեղ, բայց թվում է, թե տիրոջը վաղուց ենք ճանաչում, թվում է, թե պարզապես երկար ժամանակ չէինք տեսել միմյանց և շատ ուրախ ենք նորից հանդիպելու համար»։

Հեինգուեյն ու կինը` Մերին, հյուրերին ցույց են տվել իրենց տունը, գրադարանը, աշխատասենյակը, խոսել են գրողի արդեն հրատարակված ու սպասվող գրքերի մասին։ Վերջում Անաստաս Միկոյանը Հեմինգուեյին է հանձնել ԽՍՀՄ-ից բերած հուշանվերները, ինչի մասին Սերգեյը պատմում է.

«Մենք Հեմինգուեյին, ի թիվս այլ հուշանվերների, մի շիշ ռուսական օղի էինք բերել։ Եվ զարմանքով տեսանք, որ նրա սեղանի վրա նույնից կա` նոր բացված»։

Պարզվեց, որ ցուցահանդեսի բացման առիթով Հավանա էին եկել նաև կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն ու նրա կինը՝ Նինա Մակարովան։ Խաչատրյանի հետ ծանոթությունը շատ էր ոգևորել Հեմինգուեյին, ինչի մասին նա պատմել էր Միկոյանին.

«Օրեր առաջ իմացա, որ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը գտնվում է Հավանայում։ Մենք նրան հրավիրեցինք մեր տուն։ Ընթրիքի ժամանակ շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Ես սիրում եմ նրա երաժշտությունը: Հենց Խաչատրյանն էլ թողել է ինձ այս օղու շիշը»։


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ