copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:38 27-04-2022

Հղի կնոջ վրաերթի գործով ձերբակալված ոստիկանը դեպքի վայրը չի լքել

Երեկ հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանի պաշտպան Ռուբեն Բալոյանը «Հետք»-ին տված իր հարցազրույցում նշել է, որ ոստիկանը դեպքի վայրը չի լքել, որոշակի տարածություն՝ մոտ 30-40 մետր անցնելուց հետո կանգնել է, ոտքով վերադարձել դեպքի վայր, որտեղ շատ արագ շտապօգնության մեքենա է եկել: Թե ով է շտապօգնության մեքենա կանչել, պաշտպանը չգիտի, բայց ասում է, որ կնոջն արագ դրել են շտապօգնության մեքենայի մեջ, որից հետո միայն ոստիկանը հեռացել է դեպքի վայրից ու իր վարած մեքենան տարել ոստիկանություն: Պաշտպանը դիտարկում է, որ այն իրավիճակներում, երբ վրաերթի հետևանքով անձը կոտրվածքներ ունի, նպատակահարմար է նրան անշարժ դիրքում թողնելը, որպեսզի նրան բուժօգնություն ցույց տան բժիշկները, ինչը, փաստորեն, ըստ պաշտպանի, արագ արվել է: Նա վստահեցնում է, որ իրենք աջակցելու են գործի քննությանը, ինչ եղել է՝ հայտնելու են, ձերբակալման դեմ բողոք չեն ներկայացրել և չեն պատրաստվում ներկայացնել:

«Ցավում ենք, որ նման դեպք է տեղի ունեցել: Դա պետք է տեղի չունենար: Մենք ցավակցում ենք հարազատներին: Որևէ մեկը չէր ցանկանա մահվան ելքով վրաերթ կատարել: Դա անզգուշությամբ է տեղի ունենում»,- ասաց Ռուբեն Բալոյանը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ համապատասխանաբար՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը:

Բալոյանն այս պահին իր պաշտպանյալին վերագրվող կասկածանքի առնչությամբ շատ մանրամասներ չի հայտնում, բայց պնդում է, որ ոստիկանն օրենքի շրջանակներում է գործել՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների շրջանակներում:

«Այսինքն՝ երբ խաչմերուկում երթևեկությունը կարգավորում է տեսուչը, այդ դեպքում լուսացույցի աշխատանքը դադարում է. տեսուչն ինչպես կարգավորում է, այնպես էլ պետք է լինի երթևեկությունը: Ուղեկցման ընթացքում խաչմերուկներում տեսուչներ են եղել: Կրկնում եմ՝ երբ տեսուչն է ժեստերով և ազդանշաններով կարգավորում երթևեկությունն, այդ պահին լուսացույցով աշխատանքը չի գործում: Այսինքն՝ երթևեկության բոլոր մասնակիցները՝ ավտոմեքենաների վարորդները և հետիոտնները, պետք է ղեկավարվեն երթևեկությունը կարգավորող տեսուչի ժեստերով և ազդանշաններով»,- ասաց Բալոյանը:

Պաշտպանը չի պատասխանել «Հետք» - ի հարցին՝ ինչպե՞ս է տեղի ունեցել վթարը, ինչո՞ւ հնարավոր չի եղել կանխել այն՝ նշելով, որ գործն այս պահին գտնվում է քննության սկզբնական փուլում, և նպատակահարմար չէ պատասխանել հարցերին՝ արդյո՞ք վթարը ոստիկանի անուշադրության, թե՞ հղի կնոջ՝ երթևեկության կարգավորմանն ուղղված պահանջները չկատարելու հետևանք է:

«Փորձում են ներկայացնել, իբրև ոստիկանը փախուստի է դիմել. այդպիսի բան չի կարող լինել»,- ասել է Բալոյանը և նշել, որ հրամանատարի մեքենան բոլորին հայտնի է, նրա անձը՝ նույնպես:

Հարցին՝ վարչապետի անվտանգությունն ապահովող մեքենան վթարի պարագայում իրավունք կամ պարտականություն ունի՞ կանգնելու, Բալոյանը պատասխանեց, որ այդ հարցին պատասխանել չի կարող. դրա համար անհրաժեշտություն կա որոշակի փաստաթղթեր ուսումնասիրելու:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին