copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:43 14-04-2022

Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատեր կառուցել

Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատեր ու աշտարակներ կառուցել, տեսախցիկներ ու ջերմատեսիլ սարքեր տեղադրել: Դրանից բացի, պատերի երկայնքով իրականացվելիք պարեկային ծառայության մեքենաների համար ճանապարհներ են կառուցվում, անցկացվում են լուսավորություն ու հոսանքի գծեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Պաշտոնապես հաղորդվում է, որ այդ աշխատանքները կատարվում են մեծամասամբ Սիրիայից ու Իրանից փախստականների հոսքը կանխելու ու սահմանների վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով:

Սիրիայի հետ 911-կիլոմետրանոց սահմանի 873 կմ-ի հատվածում ավարտվել են պատի կառուցման աշխատանքները: Իրանի հետ սահմանին էլ մինչ այս պահը արդեն 191 կմ հատվածում ավարտվել են պատի ու ճանապարհի կառուցման լուսավորության անցկացման, տեսախցիկների ու ջերմատեսիլ սարքերի տեղադրման աշխատանքները:

Ընդհանուր առմամբ ապօրինի սահմանահատումների տեսանկյունից ռիսկային գնահատվող Թուրքիայի արևելյան ու հարավարևելյան 2.949 կմ երկարությամբ սահմանների 1028-կիլոմետրանոց հատվածում ավարտվել են պատի ու պարեկային ծառայության համար նախատեսված ճանապարհի կառուցման աշխատանքները:

Սահմանային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով Թուրքիայի սահմանապահ ծառայությանը հատկացվել է նաև 139 հետախուզական ու դիտարկման զրահամեքենաներ: Դրանցից 82-ը կօգտագործվի արևելյան, իսկ 57-ը արևմտյան սահմաններին ծառայություն կազմակերպելու համար:

Ձեզ գուցե հետաքրքրի