Հոնկոնգում կամ Սեուլում երբևէ եղած կա՞ք... Հազա՜ր ափսոս, թե չէ անպայման կհաստատեիք, որ իմ կողմից վկայաբերվելիք դիտարկումներն ամենևին էլ չափազանցված չեն: Բազմամիլիոնանոց բնակչություն ունեցող ասիական այս մեգապոլիսներում երթևեկությունը, որի մասին ստորև խոսելու եմ, հասցված է իդեալական մակարդակի: Նշյալ քաղաքներում, ինչպես ասում են, տրանսպորտն աշխատում է ոսկերչական ճշգրտությամբ (ինչպես մեզ մոտ, էլի՜, կսրամտեր անդառնալիորեն լավատես ընկերս): Հա՜, բա՛, ինչպես մեզ մոտ... Օրինապաշտություն, մաքրություն, կարգուկանոն, էկոլոգիական խիստ վերահսկողություն, տուգանքի կիրառման սկզբունքային կարգ, քաղաքացիական գիտակցման բարձր մակարդակ: Այս ցանկը շարունակելի է, բայց այդ մասին չէ, որ հիմա ուզում եմ խոսել:
Հպանցիկ հայացքն իսկ բավական է՝ հասկանալու համար, որ երթևեկությունը սոսկ երթևեկություն չէ, որ այն բոլոր երկրներում գործող կառավարման միկրոմոդելն է, հայելապատկերը, եթե կուզեք: Այն նաև տվյալ հասարակության վարքաբանական էպիկրիզն է, ճշգրիտ ախտորոշումը: Խոստանում եմ առաջիկայում ավելի առարկայական անդրադառնալ երթևեկության խնդրին, իսկ հիմա կբավարարվեմ խիստ հպանցիկ, սակայն մտորման տեղիք տվող ընդամենը մի քանի դիտարկմամբ:
Մեքենաների գերառատությունից շնչահեղձ լինող փողոցներ, դեմ հանդիման սլացող զռլամա ջիփազգիներ, հնամաշ «Օփել-Վեկտրա» վարող տաքսու վարորդի հասցեին հիշոցներ հնչեցնող, «հազարի վրա» սիրուհու մոտ շտապող, խցանումը կատարյալ դարձնող «Բուգատի», պիկ ժամերին չգիտես որտեղից հայտնված՝ «պետության արթուն ներկայություն» (իրականում՝ խցանումն ավելի խորացնող պետավտոտեսուչներ): Եթե ապահովենք նաև նկարագրվածի «երաժշտական» ֆոնը՝ աջ ու ձախից հնչեցվող ջղային ազդանշաններն ու միմյանց հասցեագրված «ֆորտե» հայհոյանքները, ձեզ Դանթեի նկարագրած դժոխքի իններորդ պարունակը հաստատ «մսուր-մանկապարտեզ» կթվա...
Օրենքի պահապաններն էլ ասես այս ամենի հետ կապ իսկ չունենան: Տպավորությունն այնպիսին է, որ նրանց կոչումը ավելի «վեհ» առաքելությունների իրականացումն է: Վերջիններիս գերակտիվությունը նկատվում է հատկապես այս կամ այն երկրից ժամանած, թարսի պես հենց պիկ ժամերին արձանագրվող հյուրերի ուղեկցության ժամանակ: Այդ ժամանակ են թերևս նրանք հիշում, որ «պարտականության կատարումը պարտք է, գերակատարումը՝ պատիվ»... Բարձրախոսներով «կախականջներին» ուղղված՝ «Նիսան-Տիդայի վարորդ, Ձեզ քանի անգամ ասենք, աջ քաշեք կանգնեք»-ի հանգույն, ճանապարհային ոստիկանների կողմից հնչեցվող սպառնալիքները, որպես կանոն, համընկնում են ցերեկային և երեկոյան սկսվող «վարարման» ժամերին, ինչն իր հերթին կատարյալ է դարձնում բրոունյան շարժումը...
Առիթ եղե՞լ է երեկոյան տուն վերադառնալ, ասենք, Օպերայի մոտից Բաղրամյան բարձրացող կանգառից: Տառացիորեն քսանհինգ մետր հեռավորության վրա գտնվող խաչմերուկում մահակն անիմաստ պտտեցնող և սրտակեղեք սուլոցներ արձակող ոստիկանը, իրեն վերապահված «կարգավորիչ» ֆունկցիայի փոխարեն, ավելի լավ կաներ այցելել ակնաբույժի՝ տեսնելու համար ընդամենը մի քանի մետր ցած՝ հանրային տրանսպորտի համար նախատեսված կանգառում կայանած, քաղաքային ավտոբուսների ու միկրոավտոբուսների տեղը զավթած, հասարակական կարծիքի վրա մեծապես փսխած, հաստատ վերին հովանավորությունը վայելող «ասպատակներին»... Թե չէ, Թաիթի՜, հա, Թաիթի՜...
Անիշխանությունն ու անպատասխանատվությունը, միով բանիվ՝ պետության բացակայությունը էլ ուրիշ ինչ կերպ է լինում…
Վահան Զարյան