copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:55 06-04-2022

ՀՀ գլխավոր դատախազն ու Նիդերլանդների Թագավորության դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ գլխավոր դատախազություն է այցելել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, ընդունելով դեսպանին՝ Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար՝ շեշտելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության խորացման համար՝ հաշվի առնելով նաև Հայաստանի և Նիդերլանդների միջև փոխադարձ վստահության հենքի վրա զարգացող միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը:

Արթուր Դավթյանը, բարձր գնահատելով առանձին կարևոր քրեական գործերով ՀՀ կողմից ներկայացված քննչական հարցումներին Նիդերլանդների իրավասու մարմինների գործընկերների կողմից պատշաճ ընթացք տալու հարցում դրսևորած շահագրգռությունը, գործընթացին լրացուցիչ օպերատիվություն հաղորդելը կարևորել է հատկապես ՀՀ-ում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի արդյունավետության տեսանկյունից:

Նա նշել է, որ բազմաթիվ ակտիվներ, արժեքներ ապօրինի կերպով դուրս են բերվել Հայաստանից՝ այդ թվում նաև դեպի եվրոպական երկրներ: Ուստի եվրոպական երկրների, այդ թվում նաև` Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ սերտ գործակցությունը կարող է էական նշանակություն ունենալ դրանք իր օրինական տիրոջը՝ Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցում:

Դեսպան Սխերմերսը նշել է, որ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը պատրաստ է ապահովել արդյունավետ հաղորդակցություն երկու երկրների իրավապահ կառույցների միջև, և ելնելով հայկական կողմի առաջնահերթություններից՝ շահագրգիռ են նպաստելու քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումներին, դատախազության գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման նախաձեռնություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության, անդրազգային հանցավորության դեմ պայքարում երկկողմ համագործակցության ամրապնդման հեռանկարներն ու հնարավորությունները:

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել շփումները և ձևավորել համագործակցությունից բխող տեղեկատվության փոխանակման կայուն և շարունակական կառուցակարգեր:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր