Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:38 07-11-2021

Սպիտակ խաչ վանքը հայտնվել է ադրբեջանական քարոզչության թիրախում

Արցախի «Պատմական միջավայրի պահպանության» պետական ծառայությունը հայտնում է․

«Սպիտակ խաչ վանքը ադրբեջանական քարոզչության թիրախում

Նոյեմբերի 5-ին ադրբեջանական www.cbc.az-ի կողմից տեսանյութ է հրապարակվել, որտեղ կրկին ցուցադրվում է ուդիական համայնքի ներկայացուցիչների «ուխտագնացություն» Հադրութի Սբ. Հարություն եկեղեցի և Հադրութ քաղաքից ոչ շատ հեռու, Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք:

Համայնքի ներկայիս ղեկավար Ռոբերտ Մոբիլին և նրա տեղակալ Րաֆիկ Դանակարին հայկական եկեղեցիներում «աղվանական-ուդիական եկեղեցուն բնորոշ ծեսեր են կատարում»:

Հարցազրույցում Ռոբերտ Մոբիլին խոսելով այսպես ասած «վնասների մասին», որ իբր թե ստացել էր «աղվանական մշակութային ժառանգությունը հայկական օկուպացիայի» ժամանակ, նշում է թե իբր հայերը աղվանական-ուդիական եկեղեցիների պատերին ավելացրել են հայկական խաչեր, տեղադրել խաչքարեր, ավելացրել հայկական գրեր և դա արվել է աղվանական հետքերը ջնջելով:

Եվ գրեթե միշտ ավելացնում է, որ իրենք պետք է նախնական, ասել է թե, ոչ հայկական տեսքի բերեն եկեղեցիները, ինչը մտահոգության տեղիք է տալիս: Ռոբերտ Մոբիլին հարցազրույցի ընթացքում չի մոռանում մի քանի անգամ շնորհակալություն հայտնել շեհիդներին, իրենց «սրբազան վայրերը» ազատագրելու համար: Եթե Ռոբերտ Մոբիլին իրավամբ հոգևոր արժեքների կրող լիներ, ապա նա նման կեղծիքի մաս չէր կազմի, ու չէր դառնա ադրբեջանական կրկեսի ծաղրածու:

Մինչև 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, Սպիտակ խաչ վանքը նախատեսված էր վերանորոգել ռուսաստանաբնակ հայ բարերար Սմբատ Աբրահամյանի միջոցներով: Իրականացվել էին մաքրման ու նախապատրաստական աշխատանքներ շինաշխատանքները սկսելու համար, ինչը հստակ երևում է նաև տեսանյութի մեջ: Ստորև ներկայացնում ենք Սպիտակ խաչ վանքի մասին պատմական տվյալները:

Ավանդության համաձայն Վանքի Սպիտակ խաչ անվանումը կապվում է Սուրբ Գրիգորիսի լանջական բյուրեղյա խաչի հետ: Նահատակությունից հետո, նրա հայրապետական գավազանը և բյուրեղյա խաչը սկզբնապես պահվում էին Ամարասում, որտեղ ամփոփված էին նրա նշխարները։ Ամարասի ամայանալուց հետո, այդ սրբությունները տեղափոխվել են Գտչավանք, իսկ բյուրեղյա սպիտակ խաչը` Հադրութին մոտ գտնվող վանքը, որից էլ այն ստացել է Սպիտակ խաչ անվանումը:

Ըստ Սարգիս Ջալալյանցի, ի պատիվ այս խաչի, այստեղ կառուցվել է եկեղեցի՝ այն դարձրել են եպիսկոպոսանիստ և ինքնուրույն թեմ հատկացրել։ Եվ որ այն դարձել էր ուխտատեղի, բազում հայ ուխտավորների համար: Գյուղն էլ իր անունը Վանք՝ ստացել է Սպիտակ խաչ վանքից:

Վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ, ամենավաղ արձանագրությունը թվագրվում է 14-րդ դարով, ավելի կոնկրետ 1333 թվականով: Արձանագրությունը պահպանվել է եկեղեցու ներսում` հյուսիսային կամարի խաչքարի տակ «Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. ՉՁԲ» (1333):

Ի դեպ վանքն ու շրջակայքը հարուստ են արձանագրություններով, և այդ արձանագրությունների մեջ խոսվում է վանքի հետագա վերանորոգումների մասին:

Եկեղեցին միանավ թաղակապ սրահ է, որին արևմուտքից միանում է ուղղանկյուն գավիթը: Ընդ որում, գավիթն ու եկեղեցին իրարից բաժանված չեն, ունի մեկ մուտք, որը բացվում է արևմուտքից: Առկա են երկու փոքր պատուհաններ՝արևմտյան և հյուսիսային կողմերում։ Արևմտյան պատուհանի քարի վրա նույնպես պահպանվել է արձանագրություն՝ «Տ[է]ր Ա[ստուա]ծ/ Յ[իսու]ս Ք[րիստո]ս․․/Վրդանէս Թ․ ։Ռ/ՃԽԳ» (1694):

Եկեղեցու տանիքին տեղադրված է վեց սյուններից բաղկացած, բրգաձև ծածկով զանգակատուն – ռոտոնդան, որի մասին շինարարական արձանագրությունը պահպանվել է եկեղեցու մուտքի հարավահայաց կողին …«Յիշատակ է զանգակատունս Սուրապի որդոյ Ովանես եպիսկոպոսին»:

Եկեղեցուց հարավ-արևելք հյուրատունն է մուտքի բարավորին պահպանված արձանագրությամբ. «Ես Միկրտիչս գ/րեցի: Յիշատակ է թանապիս/ Սուրապու որդի Ովանէս եպ[իս[կ[ոպո]սին./ շինեցաւ :ՌՃՁԴ: (1735) թվին. այն տարին էր`/ Թահմազ խ[ա]ն օսմանլուն երկրէս տուրս ար[ա]ւ»։

Հյուրատան կողքին էլ պահպանվել են երկու վիմափոր խցեր:

Եկեղեցու շրջակայքում կան բազմաթիվ տապանաքարեր պահպանված արձանագրություններով, որոնցից կարելի է ենթադրել, որ վանքը եղել է եպիսկոպոսանիստ, քանի որ այդտեղ թաղված են նաև եպիսկոպոսների աճյուններ:

Արցախի որմնափակ խաչքարերից մեկը գտնվում է, հենց այստեղ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով