Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:59 10-08-2021

Դատարանը որոշեց հաջորդ նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին. նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկ շաբաթով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալ Արմեն Գևորգյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին։

«Իմ պաշտպանյալը նաև առաջադրվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը սկսվել է օգոստոսի 9-ից և դեռ ընթացքի մեջ է: Խնդրում եմ բացակայությունը համարել հարգելի»,- ասաց Ալեքսանյանը:

Նա նաև նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցով:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, դիմելով դատարանին, ասաց, որ համաձայն է նիստը հետաձգելուն:

«Ունեմ նաև մեկ վերապահում՝ կա 1 միջնորդություն, որը գործընկերս է ներկայացրել՝ Սեդրակ Քոչարյանի իրավունքների հարցը քննարկելու համար: Կարծում եմ, որ պարոն Գևորգյանի բացակայությունը չի խոչընդոտում այդ հարցը քննարկելուն, որովհետև առնչություն չունի իր շահերի և իրավունքների հետ»,- ասաց Խուդոյանը:

Ի պատասխան դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ ամբաստանյալի բացակայությամբ դատարանը հնարավոր չի համարում որևէ այլ հարցի քննարկում, բացի նրա բացակայության հետ կապված հարցերից:

«Նախորդ նիստի ժամանակ դատարանը չի արձանագրել Արմեն Գևորգյանի անհարգելի բացակայության հանգամանքը՝ հաշվի առնելով, որ նոր ձևավորված ԱԺ-ի առաջին նիստն էր: Հաշվի առնելով, որ նման վարքագիծը կրկնվում է, դատարանն այստեղ անբարեխղճություն է տեսնում Արմեն Գևորգյանի կողմից: Դատարանը համարում է, որ Գևորգյանը դատարան չի ներկայացել անհարգելի պատճառի:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատարանին առաջարկեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին:

«Արմեն Գևորգյանն ունի նոր կարգավիճակ, նա անձեռնմխելի է, և որևէ հարկադրանքի միջոց, առանց ԱԺ-ի թույլտվության, չի կարող կիրառվել: Դատախազի նման որոշումը չի բխում քրեական դատավարության և Սահմանադրության պահանջներից»,- դատախազի նման առաջարկին հակադարձեց Էրիկ Ալեքսանյանը:

Դանիբեկյանն ընդգծեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ Արմեն Գևորգյանը նիստին չի ներկայացել անհարգելի պատճառով, անհրաժեշտ է միջոցներ կիրառել հաջորդ նիստին Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար:

«Դատարանն այդ պատճառաբանությամբ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով, որոշեց հաջորդ նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին»,- ասաց Դանիբեկյանը:

Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցներից որևէ մեկի, դատարանը հետաձգեց գործի քննությունը մինչև օգոստոսի 17-ը, ժամը 13:00-ն:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին