copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:41 28-05-2021

Բելգիայի խորհրդարանը բոլոր հայ գերիների ազատ արձակման հրատապ բանաձև ընդունեց

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը մայիսի 27-ին միաձայն ընդունել է «Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ՝ ի կատարումն 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության» բանաձև, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Խիստ մտահոգություն հայտնելով առ այն, որ Ադրբեջանը տակավին չի կատարել հրադադարի մասին հայտարարությամբ ստանձնած իր հանձնառությունը՝ գերիների փոխանակման վերաբերյալ, բանաձևը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել դեռևս գերության մեջ գտնվող բոլոր հայերին՝ ներառյալ քաղաքացիական անձանց, համաձայն հրադադարի մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի և Ժնևյան կոնվենցիաների դրույթների:

Բանաձևը, խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ իրագործվող խոշտանգումների փաստագրված դեպքերը, պահանջում է Ադրբեջանի իշխանություններից քննության առնել դրանք և պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ հստակ շեշտելով միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք իրագործումը, ինչպես նաև խոշտանգումների և այլ անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումների բացառումը:

Բանաձևը նաև պահանջում է Բելգիայի դաշնային կառավարությունից համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ աջակցելու Ադրբեջանում մնացած բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը և անվտանգ վերադարձի ապահովմանը: Կառավարությանը կոչ է արվում սերտորեն համագործակցել այս առումով նաև համապատասխան միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ երաշխավորելու Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ապահովելու ԿԽՄԿ ավելի հաճախակի այցելությունները գերեվարված անձանց՝ համոզվելու համար, որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը պատշաճ կերպով կիրառվում են:

Բանաձևը նաև կոչ է անում կառավարությանը՝ շարունակել աջակցել հակամարտության խաղաղ և կայուն քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, այդ թվում որոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա:

Բանաձևն անդրադառնում է նաև ադրբեջանցի զինվորների ներխուժմանը Հայաստանի տարածք և կոչ անում Բելգիայի կառավարությանը՝ պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Բանաձևը նաև կարևորում է միջազգային կառույցների ներգրավումը և հրատապ աջակցությունը՝ ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ռազմական ագրեսիայի ծանր և տագնապալի հումանիտար հետևանքների վերացմանը:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան