Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 17:45 24-05-2021

Ձեր շնորհիվ կրկին կյանքեր փրկվեցին՝ առաջնագծում և դրանից հեռու. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչու­թյանն անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար, առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել և ցուցաբերած անձնվեր աշխատանքի համար շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին ու առողջապահական համակարգի ներկայացուցիչներին:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է.

«Այս արարողությունը թերևս պետք է տեղի ունենար շատ ավելի վաղ: Սակայն համավարակը և պատերազմն իրենց հետևանքներով շատ ու շատ ծրագրեր խառնեցին: Բայց ո՛չ COVID-ը, ո՛չ էլ պատերազմը չկարողացան ազդել ձեր առաքելության վրա: Ավելի ճիշտ, դրանք ավելի ընդգծեցին ձեր կարևոր ներկայությունը մեր բոլորի կյանքում:

Ձեր շնորհիվ կրկին կյանքեր փրկվեցին՝ առաջնագծում և դրանից հեռու, հիվանդանոցում, հոսպիտալում, ռազմի դաշտում, շատ տարբեր պայմաններում: Դուք այսօր էլ կյանքեր եք փրկում՝ մեր տղաների և աղջիկների կյանքերը...

Ձեզնից ոմանք ու ձեր գործընկերները միաժամանակ թե՛ համավարակի դեմ էին պայքարում, և թե՛ պատերազմական գործողությունների կիզակետում էին: Մենք բոլորս գիտենք դրա մասին և շատ բարձր ենք գնահատում:

Ցավոք, համավարակն ու պատերազմը չխնայեցին նաև ձեր շատ գործընկերների: Նրանք նվիրաբերեցին իրենց կյանքը հանուն մեկ ուրիշ կյանք փրկելու՝ ծանոթ ու անծանոթ կյանք, զինվորի կյանք, երեխայի ու մեծահասակի կյանք...

Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմում և համավարակի դեմ պայքարում զոհված և հանուն առողջության ու անվտանգության իրենց զոհաբերած բոլոր բուժաշխատողների հիշատակը:

Սիրելի բուժաշխատողներ,

Դուք ունեք տարբեր կենսագրություններ, անցել եք կյանքի տարբեր ճանապարհներ: Բայց ունեք միավորող մի ընդհանրություն՝ բոլորդ մարդկային կյանք եք փրկում, այս բառի ամենաուղիղ իմաստով: Ձեր մասնագիտական գործունեությունը պայքար է հանուն մարդկային կյանքի և առողջության:

Այդ պայքարի ընթացքում դուք հաճախ նույնիսկ մոռանում եք ինքներդ ձեզ, ձեր ընտանիքը, ձեր հարազատներին: Եւ ձեր միակ հարազատը դառնում է ձեր հիվանդը, իսկ ձեր միակ մտահոգությունը՝ նրան փրկելը, նրան օգնելը, նրան առողջացնել: Վստահ եմ՝ դուք շնորհակալության ու երախտագիտության բազմաթիվ խոսքեր եք ստացել և շարունակելու եք ստանալ: Ես ի սրտե միանում եմ դրանց:

Շնորհակալ եմ բոլորիդ ու յուրաքանչյուրիդ՝ ձեր աշխատանքի, ձեր սրտացավության, ձեր նվիրվածության, ձեր հոգատարության համար: Իհարկե, որևէ գնահատական ու խոսք չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ դուք արել եք և անում եք այսօր:

Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք: Առո՛ղջ եղեք, որ առողջ լինենք բոլորս:

Աստված պահապան մեր երկրին ու նրա զավակներին, ձեզ, ձեր ընտանիքներին ու հարազատներին»:

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
16:59 «ՀԷՑ֊ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն- ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից