copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:06 16-05-2021

Բաքուն պնդում է, որ Հայաստանի հետ սահմանային լարվածությունը «պետք է լուծվի երկկողմ շփումների միջոցով»

Ադրբեջանի արտգործնախարարությունը գտնում է, որ Հայաստանի հետ սահմանային լարվածությունը պետք է լուծվի երկկողմ շփումների միջոցով՝ հիմնված կողմերի կառուցողական երկխոսության վրա։ Այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։

Սահմանային իրավիճակի հետ կապված մտահոգություն հայտնող երկրներին նա խորհուրդ է տվել «մինչ Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին բարձրաձայնելը, հիշել մինչև 2020 թվականի նոյեմբերը Ադրբեջանի «օկուպացված տարածքների» մասին»։ «Սահմանային լարվածության հիմքում ընկած է ադրբեջանական հողերի անօրինական օկուպացիան։ Ադրբեջանը միայն վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է նա։

Նա կրկնել է ԱԳՆ-ի նախորդ հայտարարությունում տեղ գտած բացատրությունը, թե «կլիմայական բարդ պայմանների պատճառով ադրբեջանցի սահմանապահները չէին կարողացել զբաղեցնել Սև լճի շուրջ տարածքները, և հիմա դա իրականացվում է սահմանային անվտանգությունը ապահովելու համար»։

Ադրբեջանի արտգործնախարարությունը գտնում է, որ իրավիճակի միակ ճիշտ լուծումը սահմանները որոշելու դելիմիտացիայի գործընթացը սկսելն է. «Դա խաղաղության բանալին է պատերազմից դուրս եկած երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու համար։ Դիրքորոշումների տարբերությունները կարող են քննարկվել բանակցություններում»։

Սահմանային իրավիճակին Հայաստանի արձագանքը Բաքուն ադեկվատ չի համարում։

«Այդ խնդիրը որպես քաղաքական միջոց օգտագործելու Հայաստանի փորձերը անընդունելի են։ Հայաստանի քաղաքական և զինվորական շրջաններին խորհուրդ ենք տալիս տարածաշրջանում անհիմն չսրել իրավիճակը և սահմանային խնդիրները լուծել երկկողմ խողովակներով, ադրբեջանական կողմի հետ կառուցողական աշխատանքի հիման վրա»,- ասել է Աբդուլաևան, ափսոսանք հայտնելով, որ «տեխնիկական հարցը» ուռճացվում է «սադրիչ հայտարարություններով և սևացնող արշավով» Ադրբեջանի դեմ։ «Ներկա պահին ձեռնարկվում են համապատասխան քայլեր` իրավիճակը նորմալացնելու համար»,- ասել է նա։

Նախօրեին, հիշեցնենք, Հայաստանի ԱԳՆ-ն հույս էր հայտնել, որ ադրբեջանական կողմը կանսա միջազգային կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման:

«Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից», - նշել էր ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի