copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 16:53 10-09-2026

Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան

Ֆրանսիայի կազմակերպած Միջազգային տիեզերական առաջին գագաթնաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ներկաներին տեղեկացնելով, որ Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ:

«Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած Միջազգային տիեզերական գագաթնաժողովի ժամանակ:

Նրա խոսքով 2026-2031 թվականների Հայաստանի կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։ Արբանյակներից երկուսը լինելու են Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար։ Ըստ ՀՀ վարչապետի միաժամանակ պետք է զարգացնել սեփական գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար։

«Մենք նաև նախատեսում ենք ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին»,–ասել է Փաշինյանը «Տիեզերական ենթակառուցվածքների ապագայի տեսլականները» խորագրով պանելային քննարկման ժամանակ։

Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թվականին Հայաստանն արձակեց իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր էր դուրս բերվել SpaceX-ի կողմից։ Ընդամենը մեկ տարի անց տիեզերք արձակվեց HAYASAT-1-ը, որը հայ մասնագետների կողմից ամբողջությամբ հավաքված և փորձարկված առաջին հայկական արբանյակն է։

Ըստ Փաշինյանի` Հայաստանը նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի և սարքավորումների նախագծման, ճարտարագիտության և արտադրության մեջ։