copy image url
Ներքին 1 օր առաջ - 13:06 04-09-2026

Ռուբեն Վարդանյանի զանգը հարկադրաբար ընդհատվել է

Ադրբեջանում պահվող հայերը արտաքին աշխարհի հետ ֆիզիկական շփման հնարավորություն չունեն․ չեն տեսնում հարազատներին, հյուպատոսական աշխատակիցներին, անկախ բժիշկներին, փաստաբաններին կամ Կարմիր խաչի ներկայացուցիչներին․ հայտարարել է Ռուբեն Վարդանյանի փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ միակ հասանելի շփումը վերահսկվող հեռախոսազանգերն են։ Դրանց հաճախականությունը տարբեր է․ երեք դատապարտված կարողանում է զանգահարել մոտ 40 օրը մեկ, մյուսների համար նախատեսված է շաբաթական մեկ զանգ։ Զանգերը կարող են տևել 2-10 րոպե և, ըստ Սահակյանի, կարող են նաև հարկադրաբար ընդհատվել։

«Դրանք վերահսկվող զանգեր են, դրանք հայեցողական են և կախված բովանդակությունից կարող են նաև հարկադիր ընդհատման ենթարկվել, և դրա վառ օրինակը մենք տեսանք նաև պարոն Վարդանյանի պարագայում, երբ փորձում էր բարձրաձայնել դատավճիռը իրեն չտրամադրելու խնդիրը, Ադրբեջանի օմբուդսմենին դիմելու և որոշակի ջանքերով այդ ակտը ստանալու անհրաժեշտությունը, հարկադրաբար զանգը ընդհատվեց»,- պատմել է փաստաբանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ վերջին ամիսներին ավելի հաճախ են բարձրաձայնվում պահվող հայերի առողջական խնդիրները։ Նրա տեղեկություններով՝ բուժօգնությունը պատշաճ չի կազմակերպվում, իսկ որոշ ժամերից հետո բուժանձնակազմ տվյալ հաստատությունում չի լինում։ Միաժամանակ, Սահակյանն ընդգծել է, որ իրենց հասանելի չէ պահվող անձանց առողջական վիճակի ամբողջական և անկախ գնահատականը։

Նա նշել է, որ որոշ բժշկական փաստաթղթեր ստացվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով։ Ադրբեջանի կողմից դատարանին թարմ տեղեկություններ տրամադրելու վերջնաժամկետը լրացել է օգոստոսի 31-ին, և փաստաբանը սպասում է նոր տվյալներին։

Անդրադառնալով հայերի դատավարություններին՝ Սահակյանը նշել է, որ դրանցում ընդհանուր օրինաչափություններ է տեսնում։ Նրա գնահատմամբ՝ գործընթացները քաղաքական, ցուցադրական և պատժիչ բնույթ ունեն, իսկ մեղադրանքները հաճախ վերաբերում են այնպիսի գործողությունների, որոնք դրանց կատարման պահին կանխատեսելիորեն չէին կարող համարվել քրեորեն պատժելի։

Սահակյանի խոսքով՝ Եվրոպական դատարանը կարող է գնահատել ոչ միայն դատավարությունների համապատասխանությունը արդար դատաքննության չափանիշներին, այլև մեղադրանքների իրավական հիմնավորվածությունն ու դրանց համապատասխանությունը օրինականության սկզբունքին։



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում