Պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանն այսօր Փաշինյանին առաջարկեց պատասխանել Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին, որոնք ուղղված են իրեն։
Հիշեցնենք, որ Դավիթ Մանուկյանը ձայնային հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանին.
«Այս պահին խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին։ Մեզ առաջադրված կեղծ մեղադրանքներից մեկը՝ այդ երկրի Քրեական օրենսգրքի 100.1 և 100.2 հոդվածների համաձայն, վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորմանն ու նախապատրաստմանը։ Չնայած մեր ներկայացրած բոլոր անհերքելի ապացույցներին, քանի որ դուք եղել եք ՀՀ վարչապետն ու գերագույն հրամանատարը, հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների վերաբերյալ ներկայացնել ձեր դիրքորոշումը։
Չարձագանքելը կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին՝ դրանով մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին։
Հուսով եմ՝ ձեր նախկին գլխարկների անվանումը չի կորել։
Ակնկալում եմ ձեզանից իմանալ այստեղ գտնվողների կարգավիճակի վերաբերյալ ՀՀ պետական դիրքորոշումը։ Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ-ի շունչը, բայց, ինչ արած, իրականությունը սա է»։
«Պարոն Մանուկյանը գտնվում է անազատության մեջ և չգիտեմ՝ ինչպես է հարցը փոխանցել։ Եվ ձեզ չի հետաքրքրում, որ Ադրբեջանից ինչ-որ նարատիվներ գալիս և հայտնվում է ՀՀ ԱԺ-ում։ Անկախ դրանից, իմ խնդիրը պարոն Մանուկյանի՝ Ադրբեջանից հղված հարցին պատասխանելը չէ, իմ խնդիրն է ամեն ինչ անել, որ պարոն Մանուկյանն ու մեր մյուս հայրենակիցները վերադառնան Հայաստան, և մենք առերես հանդիպենք և իրենց հարցերին, ոչ թե միջնորդավորված, այլ ուղիղ պատասխանենք»-արձագանքեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։