copy image url
Ներքին 57 րոպե առաջ - 19:00 12-08-2026

Քննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ռազմավարությամբ 2027 թվականին իրականացվելիք քայլերը։

Մասնավորապես՝ ներկայացվել են ռազմավարության 2027 թ. առանձնահատկությունները, մինչև 200 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացողներին համակարգում ներառելու հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել ապահովագրավճարի վճարման գործընթացում գործատուների ներգրավմանը, պետական բյուջեից վարձու աշխատողների ապահովագրավճարի սուբսիդավորման քաղաքականության շարունակության ապահովմանը։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել աշխատավարձի չափով պայմանավորված՝ վարձու աշխատողների կողմից վճարվող ապահովագրավճարի դրույքաչափի հաստատման շուրջ։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հնարավոր սցենարները քննարկվում են մի քանի ուղղության հարցերով պայմանավորված. «Մի ուղղությունը, իհարկե, զուտ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մեջ մարդկանց ներառելու անհրաժեշտությունն է։ Երկրորդը՝ այն կանխավարկածը, որ աշխատավարձերի ցածր սեգմենտում, մեր համոզմունքով և իմացությամբ, գործում է ստվերային որոշակի սխեմա։ Կառավարության համար խնդիր է նաև լուծել սոցիալական խնդիրը, բայց չխրախուսել ստվերը։ Եվ սա է պատճառը, որ այսպիսի քննարկումներ ենք ծավալում»։

Վարչապետը ներկայացրել է 2027 թ. հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին համակարգում ներառելու վերաբերյալ Կառավարության այս պահի մոտեցումները. «2027 թվականի ընթացքում գուցե Կառավարությունը սուբսիդավորի անհրաժեշտ 10800 դրամ ծախսի 4400 դրամը, աշխատողները վճարեն 2000 դրամ, այն 2000 դրամը, որը նախկինում՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, վճարում էին «Զինապահ» հիմնադրամին, և պակասող 4400 դրամը վճարեն գործատուները՝ այն պայմանով, բնականաբար, որ եթե աշխատավարձը կփոխվի, կբարձրանա և կհատի 200000 դրամի շեմը, այդ դեպքում այդքան աշխատավարձ ստացող քաղաքացիները կներառվեն արդեն իսկ գործող 200000 դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների համար նախատեսված համակարգի մեջ։ Հիմա սա մեր մտածած մտքերի ընթացքն է այս պահի դրությամբ, բայց կարևոր է նաև շարունակությունը։ Շարունակությունը մենք մտածում ենք հետևյալ կերպ, որ 2028 թվականի հունվարի 1-ից արդեն, գուցե, գործարկենք հետևյալ սցենարը` 10800 դրամ ծախսի 6000 դրամը վճարի աշխատողը, որն արդյունքում հետ է ստանալու 2028 թվականին արդեն՝ որպես սոցիալական կրեդիտ համընդհանուր հայտարարագիրը լրացնելու պարագայում։ Այսինքն՝ գործնականում քաղաքացու կյանքում շատ բան չի փոխվում, իսկ մնացած պակասող 4800 դրամը շարունակի վճարել գործատուն՝ կրկին այն պայմանով՝ քանի դեռ աշխատավարձը ցածր է 200000 դրամից։ Երբ կհատի 200000 դրամի շեմը, արդեն համակարգը կսկսի գործել այն ընդհանուր պայմաններով, որի վերաբերյալ տվյալ պահին կկայացվի որոշում»։

Այդ համատեքստում երկրի ղեկավարը նշել է՝ լավ կլինի, եթե գործատուները, նաև այս առիթը օգտագործելով, վերանայեն իրենց որոշումները և հնարավորինս շատ աշխատողների վճարեն 200000 դրամ և ավելի աշխատավարձ. «Իհարկե, նման խնդիր կա նաև պետական կառավարման համակարգում, և մենք նույնպես պետական կառավարման համակարգում այդ խնդիրը հասցեագրելու վերաբերյալ պիտի մտածենք»

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս փուլում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից ունենք բավարար գոհունակություն, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ այն դինամիկ համակարգ է, որը պետք է սպասարկվի, ուղեկցվի։ Այսինքն՝ խնդիր ենք դրել, որ 2029 թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության բոլոր շերտերը պետք է ներառված լինեն համակարգում, բայց դա չի նշանակում, որ վերջ, ավարտեցինք աշխատանքը։ Համակարգը միշտ պետք է ուղեկցվի, որովհետև և՛ շուկայի, և՛ տնտեսության, և՛ աշխատավարձերի փոփոխությունից, այդտեղ նաև փոխկապվածություններ ունենք սոցիալական կրեդիտների համակարգի հետ, մենք պետք է անընդհատ ուղեկցենք, անընդհատ քննարկենք, որպեսզի համակարգի ընդհանուր առողջությունը կարողանանք ապահովել»։

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է մատուցվող ծառայությունների որակի ապահովումը և համակարգի՝ ֆինանսապես առողջ լինելը։ «Մենք ասում ենք, որ կենսաթոշակառուների թոշակի գնողունակությունը, ըստ էության, պետք է ինդեքսավորենք, որովհետև գնաճն անխուսափելի է։ Առողջության ապահովագրության համակարգի համար էլ է գնաճն անխուսափելի, որովհետև այն ազդում է ամեն ինչի վրա։ Հետագայում այս խնդիրներին նույնպես պետք է անդրադառնանք»,– եզրափակել է վարչապետը։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից