copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 00:08 09-08-2026

Պենտագոնը պաշտոնից ազատել է Եվրոպայում ԱՄՆ բանակային 5րդ կորպուսի հրամանատարին

ԱՄՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Չարլզ Կոստանցան ժամկետից շուտ ազատվել է պաշտոնից, ուրբաթ հայտնել է Պենտագոնը։ Մինչև հրամանատարության պլանային փոփոխությունը նրան մնացել էր մոտ 2 ամիս, հայտնել է ABC News-ը։

Կոստանցայի պաշտոնանկության պատճառներն առայժմ չեն բացահայտվում։ Բանակի ներկայացուցիչը հաստատել է, որ գեներալը վերջին օրերին թողել է պաշտոնը։ Միաժամանակ, իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ որոշումը կապված չէ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի՝ բարձրագույն հրամանատարական կազմը վերակառուցելու ավելի լայնածավալ արշավի հետ և քաղաքական ենթատեքստ չունի։

Կոստանցային փոխարինելու է գեներալ-մայոր Թոմաս Ֆելթին, որի թեկնածությունն արդեն հաստատվել էր Սենատի կողմից՝ հրամանատարության պլանային փոխանցման համար, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերին։ Մինչև նոր հրամանատարի նշանակումը կորպուսի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է բրիգադի գեներալ Ջոն Մաունթֆորդը։

5-րդ բանակային կորպուսը պատասխանատու է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և ԱՄՆ ռազմական գործողությունների համակարգման համար։ Նրա շտաբը մասամբ տեղակայված է Լեհաստանում։ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո կորպուսը հատկապես կարևոր դեր է ստացել՝ համակարգելով Կիևին ԱՄՆ աջակցության տրամադրումը և ՆԱՏՕ արևելյան թևում ամերիկյան զորքերի գործունեությունը։

Կոստանցան ղեկավարում էր 5-րդ բանակային կորպուսը 2024 թվականի ապրիլից։ Մինչ այդ նա Ջորջիայի Ֆորտ Սթյուարտ բազայում տեղակայված 3-րդ հետևակային դիվիզիայի հրամանատարն էր։

Ամենից շատ դիտված