Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 51 րոպե առաջ - 15:56 07-08-2026

Վերջին տարիներին հնչեցված հայտարարությունները ստեղծել են Եկեղեցու նկատմամբ բացասական ընկալում

Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հայոց Թեմը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

««Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսների նկատմամբ յարուցուած դատական վարոյթների վերաբերեալ»

Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հայոց Թեմը խոր մտահոգութեամբ է հետեւում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպէս նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք բարձրաստիճան եպիսկոպոսների նկատմամբ յարուցուած դատական վարոյթներին։

Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնայատուկ առաքելութիւնը եւ երաշխաւորում է կրօնի ազատութիւնը, ինչպէս նաեւ Եկեղեցու ներքին ինքնակառավարումը։ Այս սահմանադրական սկզբունքների, ինչպէս նաեւ օրէնքի գերակայութեան նկատմամբ յարգանքը կենսական նշանակութիւն ունի Եկեղեցու եւ պետութեան միջեւ առողջ յարաբերութիւնների պահպանման համար։

Թեմը մտահոգուած է, որ ներկայիս դատական վարոյթները, վերջին տարիներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հնչեցուած հրապարակային յայտարարութիւնների, իրաւական գործողութիւնների եւ այլ միջոցառումների հետ միասին, ստեղծել են Եկեղեցու նկատմամբ շարունակական ճնշումների վերաբերեալ լայն տարածում գտած բացասական ընկալում։ Նման զարգացումները վտանգում են հանրային վստահութիւնը, խորացնում հասարակութեան ներսում առկայ բաժանումները եւ թուլացնում մեր ժողովրդի հնագոյն եւ ամենավստահելի հաստատութիւններից մէկը։
Աւելի քան տասնեօթ դար շարունակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է հայ ժողովրդի հոգեւոր տունը եւ մեր քրիստոնէական հաւատքի, ազգային ինքնութեան, մշակոյթի, լեզուի եւ միասնութեան գլխաւոր պահապանը։

Դարերի ընթացքում՝ հալածանքների, օտար տիրապետութիւնների, ցեղասպանութեան եւ ազգային ծանր փորձութիւնների պայմաններում, Եկեղեցին մնացել է մեր ժողովրդի յոյսի, տոկունութեան եւ շարունակականութեան անսասան աղբիւրը։

Վերջին զարգացումները լուրջ հետեւանքներ ունեն նաեւ Սփիւռքում գործող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կեանքի եւ հովուական առաքելութեան վրայ։ Դրանք խոչընդոտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բնականոն հովուական ծառայութիւնը, անորոշութիւն են ստեղծում հաւատացեալների շրջանում եւ սահմանափակում Եկեղեցու կարողութիւնը՝ ամբողջ աշխարհում հայ համայնքների հանդէպ լիարժէք իրականացնելու իր հոգեւոր առաքելութիւնը։

Այս վճռորոշ ժամանակաշրջանում առանձնակի կարեւորութիւն ունեն ազգային միասնութեան պահպանումը, ժողովրդավարական հաստատութիւնների ամրապնդումը, ինչպէս նաեւ կրօնի ազատութեան եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Սահմանադրութեամբ ճանաչուած ինքնավարութեան նկատմամբ յարգանքը։

Մենք յարգանքով կոչ ենք անում գործել իմաստութեամբ, զսպուածութեամբ եւ փոխադարձ յարգանքով՝ ապահովելով, որ բոլոր դատական գործընթացները լիովին համապատասխանեն դատական իշխանութեան անկախութեան, արդար դատաքննութեան, կրօնի ազատութեան եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ամբողջականութեան սկզբունքներին։

Միաժամանակ կոչ ենք անում գործադրել բոլոր ջանքերը՝ պահպանելու ազգային միասնութիւնը եւ հնարաւորութիւն ընձեռելու Եկեղեցուն ազատօրէն ու առանց խոչընդոտների շարունակելու իր սրբազան առաքելութիւնը։
Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հայոց Թեմը վստահեցնում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութեանը եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ողջ հաւատացեալ ժողովրդին իր աղօթքների, զօրակցութեան եւ անսասան աջակցութեան մասին։

Ինչպէս յիշեցնում է սուրբ Պօղոս առաքեալը.
«Ամենայն խոնարհութեամբ, հեզութեամբ եւ երկայնամտութեամբ համբերեցէ՛ք միմեանց սիրով, ջանացէ՛ք պահել Հոգու միութիւնը խաղաղութեան կապով» (Եփեսացիս 4։2–3)։
Թող Տէրը, Սուրբ Գրիգոր Լուսաւորչի բարեխօսութեամբ, օրհնի եւ պահպանի Հայաստանի Հանրապետութիւնը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ աշխարհասփիւռ հայ ժողովրդին։
Լոնդոն
2026 թ. օգոստոս»։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց