«Հոգևորականին ավազանի անունով դիմելը պարզապես անքաղաքավարություն չէ, այլ փաստարկների ու արժանապատվության իսպառ բացակայության պայմաններում գործի դրվող գռեհկություն է։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնի և հազարամյա ավանդության համաձայն՝ ձեռնադրության և օծման Սուրբ Խորհրդով հոգևորականը հրաժարվում է աշխարհիկ կյանքից ու իր ավազանի անունից՝ վերածնվելով որպես Քրիստոսի և Սուրբ Եկեղեցու սպասավոր։ Տրված նոր անունը նոր հոգևոր ինքնության, Աստծուն անմնացորդ նվիրումի և հոգևոր սպասավորության կնիքն է։
Այս դատապարտելի երևույթը`
Արհամարհանք է Սուրբ Խորհրդի հանդեպ։ Հոգևորականին միտումնավոր իր ավազանի անունով կոչելը կամ հանրային խոսքում այդպես հիշատակելը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ոչ միայն հոգևոր սպասավորի, այլև Եկեղեցու Սուրբ Խորհրդի, հոգևոր կոչման և հավատացյալ ժողովրդի նկատմամբ։
Բարոյական անկման վկայություն է։ Նման պահվածքը խոսում է ոչ թե հոգևորականի, այլ այդ արտահայտությունը թույլ տվողի մտահոգիչ բարոյական կերպարի և տարրական բարեկրթության բացակայության մասին։
Հանրային խոսքի պատասխանատվության բացակայություն է։ Անկախ ամեն ինչից՝ հանրային խոսքը սկսվում է տարրական բարեկրթությունից ու անձի հոգևոր կոչումը հարգելուց։
Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները խոսում են ոչ թե «համարձակության», այլ մարդու բարոյական սնանկության մասին։ Հարգանքը հոգևոր արժեքների հանդեպ մեր հասարակության հայելին է. մի՛ կոտրեք այդ հայելին՝ սեփական անգրագիտությունն ու չարությունը քողարկելու համար»։
Տեր Եսայի քահանա Արթենյան