copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 21:30 04-08-2026

Այսօր առաջին խաղաղ իշխանափոխության օրն է. ի՞նչ դաս քաղենք դրանից

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

36 տարի առաջ՝ ճիշտ այս օրը, շատ խաղաղ իշխանափոխություն տեղի ունեցավ, որի մանրամասները կփորձենք վերհիշել այսօր։

1990-ի օգոստոսի 4-ին ՀԽՍՀ նոր ձևավորված Գերագույն խորհուրդն ընտրում էր ԳԽ նախագահության նախագահ։ Ընտրությունների արդյունքում կոմկուսը զիջեց իշխանությունը։ Ինչպե՞ս տեղի ունեցավ այս իշխանափոխությունը, և ի՞նչ դասեր կարելի է քաղել նրանից։

1990-ի մայիսի 20-ի և հունիսի 3-ի ընտրությունների արդյունքում առաջին անգամ ՀԽՍՀ-ում կոմկուսից զատ ընտրվել էին նաև այլ մարդիկ։ Սակայն դրանք փոքրամասնություն էին՝ 260 հոգանոց ԳԽ-ում մոտ 60 հոգի։ Մյուսները կոմունիստ էին։ Սակայն Սառը պատերազմում ԽՍՀՄ-ն արդեն պարտվել էր։ Բեռլինի պատը քանդվել էր։ Արևելյան Եվրոպայի երկրներն ազատագրվել էին խորհրդային բռնազավթումից։ Բալթյան երկրներն արդեն անկախություն էին հռչակել։ ԽՍՀՄ-ն աչքի առաջ փլուզվում էր։ Եվ դա տեսնում էին բոլորը։ Սա առաջին պատճառն էր, որ կոմկուսը լուրջ չդիմադրեց։

Գերագույն խորհրդի նախագահի աթոռին հավակնում էին Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը։

Օգոստոսի 3-ին, փակ, գաղտնի քվեարկության առաջին փուլում Վլադիմիր Մովսիսյանը ստացավ 93, իսկ Տեր-Պետրոսյանը՝ 110 ձայն։ Նրանցից ոչ ոք չընտրվեց։ Անհրաժեշտ էին դեպուտատնների կեսից ավելիի քվեները, այսինքն՝ 130-ից ավելի ձայն։

Երկրորդ փուլում Մովսիսյանը ստացավ 83, Տեր-Պետրոսյանը՝ 124։

Օգոստոսի 4-ին կազմվեց թեկնածուների նոր ցուցակ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Վլադիմիր Մովսիսյան, Պարույր Հայրիկյան, Հրաչիկ Սիմոնյան, Վազգեն Մանուկյան, Ռաֆայել Ղազարյան։ Ինքնաբացարկ հայտարարեցին Սիմոնյանը, Մանուկյանը և Ղազարյանը։ Հայրիկյանը ստացավ 8 քվե, Մովսիսյանը՝ 81, Տեր-Պետրոսյանը՝ 123։

Երկրորդ փուլում Մովսիսյանը ստացավ 76, Տեր-Պետրոսյանը՝ 140 և ընտրվեց խորհրդարանի նախագահի պաշտոնում՝ փաստացի ստանձնելով նաև հանրապետության առաջնորդի լիազորությունները։

Քվեարկության պատկերը հուշում է, որ եղել է լուրջ դիմակայություն։ Սակայն այն հնարավոր է եղել կոտրել։ Բանն այն է, որ ԳԽ որոշ դեպուտատներ չէին հավատում, որ ԽՍՀՄ-ը կործանվում է և ընտրում էին Վլադիմիր Մովսիսյանին։ Իսկ շատերը կարծում էին, թե հայ ժողովուրդն անկախություն չի ուզում։ Նույնիսկ եթե սովետը կործանվի, Հայաստանը կմնա Ռուսաստանի հետ միասին։ Իսկ այդ դեպքում Կրեմլի շահերն ավելի կարող են սպասարկել կոմունիստները։ Եվ այս մարդիկ ընտրում էին Վլադիմիր Մովսիսյանին։

Թե ինչպես է հաջողվել կոտրել կոմկուսի դիմադրությունը տակավին գաղտնիք է մնում։ Հայտնի միայն այն, որ Վլադիմիր Մովսիսյանը այս իշխանափոխությունից հետո չի հետապնդվել, այլ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ցմահ։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ նրա հետ ինչ-որ պայմանավորվածություն է եղել, և նա իր թիմակիցներին հորդորել է ընտրել Տեր-Պետրոսյանին։

Մեկ այլ վարկածով ընտրության վրա ազդել է ԳԽ մտցված մի թերթ, որի մեջ եղել է սոցհարցման տվյալներ։ Այդ ժամանակ գործող Հայ ազգային երիտասարդական միությունը 1990-ի մայիս-հուլիս ամիսներին կազմակերպել էր սոցհարցում, որին մասնակցել է 7007 հոգի։ Հարցերից մեկը հետևյալն էր՝ «Եթե անկախության հանրաքվեն կազմակերպվի առաջիկա կիրակի, ապա ինչպե՞ս կքվեարկեք Դուք (Այո, ՈՉ)»։ Եվ այս հարցման ենթարկվածների 67 տոկոսը «Այո» էր ասել անկախությանը։

Ասում են, թե սոցհարցման տվյալներով քարոզչական այս թերթիկը ազդեցություն է ունեցել քվեարկության արդյունքի վրա։ Մարդիկ տեսել են, որ ժողովուրդն անկախության կողմ է։ Հետևապես՝ կոմկուսը չի մնալու իշխանության։ Եվ նրանցից ոմանք ողջամտորեն անցնել են Տեր-Պետրոսյանի կողմը։

Պատկերավոր ասած՝ օգոստոսի 4-ին կոմկուսը պարտվեց ազգային ուժերին, անցյալը պարտվեց ապագային, ռուսական կախվածության կողմնակիցները պարտվեցին անկախության ջատագովներին, իրականությունը մերժողները պարտվեցին ռացիոնալ ուժին։ Այս պատմական դասը ցույց է տալիս, որ հնարավոր է խաղաղ իշխանափոխության հասնել նաև այսօր, եթե իշխանության ձգտողները կանգնեն անկախության և ժողովրդավարության դիրքերում, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը 1990-ի օգոստոսի 4-ին։


Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
23:53 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը՝ Պետրոս Գալստանյանը
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան