copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 18:00 17-07-2026

Տրանսպորտային կոլապս Վանաձորում․ թիվ 19 երթուղու դադարեցումը՝ ավտոբուսների աղմկահարույց մրցույթի ֆոնին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Վանաձոր համայնքում շարունակում է չլուծված մնալ ներքաղաքային տրանսպորտի խնդիրը։ Արդեն շուրջ երկու ամիս է, ինչ դադարեցվել է Տարոն 1 և հարակից թաղամասերը սպասարկող թիվ 19 երթուղու աշխատանքը, ինչը լուրջ դժվարություններ է առաջացրել բնակիչների տեղաշարժի համար։

Oragir.News-ի հետ զրույցում Վանաձորի բնակիչ Լուսինե Սարգսյանը տիրող իրավիճակը որակեց «աբսուրդային»՝ մատնանշելով պատասխանատուների անգործությունը։

«Վերջին 1–2 տարին շատ անկանոն է աշխատում, պատահում էր, որ վարորդները գծից դուրս էին գալիս, երեխաներին էքսկուրսիա տանում... 21-րդ դարում վարորդին պետք է համոզել, որ ինքն իր աշխատանքը կատարի, որ ձրի չենք երթևեկել, գումարով ենք երթևեկել»,- ներկայացրեց նա։

Բնակիչը նշեց, որ վիճակն ավելի է վատացել՝ հասնելով երթուղու շահագործման ընդհանուր դադարեցմանը, ինչի պատճառով աշնանը դպրոցականների տեղաշարժը հարցականի տակ է։

Նրա խոսքով՝ թաղամասի թոշակառուներն ու սոցիալապես անապահով քաղաքացիները հիվանդանոց կամ շուկա հասնելու համար ստիպված են ամեն անգամ նվազագույնը 2000 դրամ ծախսել մասնավոր տաքսիների վրա։ Բնակիչների պահանջը հստակ է՝ երթուղու աշխատանքը պետք է վերականգնվի և լինի կանոնավոր՝ աշխատելով ժամացույցի պես, կես ժամը մեկ պարբերականությամբ։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Վանաձորի համայնքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արման Մովսիսյանից։ Մեր հարցին ի պատասխան՝ պաշտոնյան նախ մեծ զարմանքով հետաքրքրվեց, թե հատկապես՝ ո՞ր համարի ավտոբուսի մասին է խոսքը։ Տպավորություն էր, թե Վանաձորը տասնյակ կանոնավոր գործող երթուղիներ ունի, և ոլորտի պատասխանատուն ուղղակի չի կարողանում մտաբերել, թե դրանցից որ մեկում է խնդիր առաջացել (խմբ․)։

Այնուհետև Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Վանաձորի համայնքապետարանի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանի հետ։ Նպատակը մեկն էր՝ հասկանալ, թե ՏԻՄ-ն ի վերջո ի՞նչ օպերատիվ լուծում է առաջարկում բնակիչներին, սակայն վերջինիս հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։

Համայնքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված հեռախոսահամարները նույնպես համառորեն լռում են, ինչը հստակ ցույց է տալիս, որ կառույցում որդեգրել են քաղաքացիներին ու լրատվամիջոցներին արհամարհելու և հարցերից խուսափելու մարտավարությունը։

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Oragir.News-ն անդրադարձել էր Վանաձոր համայնքի կարիքների համար հայտարարված ավտոբուսների ձեռքբերման խոշոր գնմանը՝ հրապարակելով 1.7 միլիարդի «արագացված» մրցույթը. Վանաձորի ավտոբուսների կեղծ գործարքը վերտառությամբ հետաքննությունը։ Փաստաթղթերի և մրցույթի ընթացակարգերի մանրամասն ուսումնասիրությունից պարզ էր դարձել, որ գնման ողջ գործընթացն իրականացվել է օրենսդրական լուրջ խախտումներով։ Թիվ 19 երթուղու շուրջ ստեղծված ներկայիս ճգնաժամի և քաղաքացիների դժգոհությունների ֆոնին, համայնքային պաշտոնյաների խուսափողական կեցվածքը ևս մեկ անգամ ընդգծում է ոլորտում առկա կառավարչական խորը խնդիրները։


Ամենից շատ դիտված

19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
20:19 ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ լինել ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում. ԿԸՀ-ն գրանցեց «Եվրասիական ալյանս» նախագիծը
20:31 Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
10:08 Աղվան Վարդանյանը որոշել է չհրաժարվել պատգամավորական մանդատից
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
21:30 Ինչ է շահել ժողովուրդը Փաշինյանի կարդալու արդյունքում
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ