ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակում հաճախ քննարկվում է նախարարությունների կառուցվածքի օպտիմալացման հարցը։ Էկոնոմիկայի նախարարության կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն ունի մեծ թվով ստորաբաժանումներ, որոնք ունեն նեղ մասնագիտացում։
Փաստաթղթային տվյալների համաձայն առանձնացված են գործունեության բազմաթիվ նեղ ուղղություններով վարչություններ, որոնց թվում են՝ Գիտելիքահենք տնտեսության վարչություն, Գործարար միջավայրի վարչություն, Բուսաբուծության վարչություն, Անասնաբուծության վարչություն, Սննդամթերքի անվտանգության վարչություն, Մարքեթինգի և խթանման վարչություն, Ներդրումային ծրագրերի վարչություն, Զբոսաշրջության քաղաքականության վարչություն, ՓՄՁ քաղաքականության վարչություն, Լիցենզավորման և թույլտվությունների վարչություն, Առևտրի և ծառայությունների վարչություն, Թվայնացման, նորարարությունների և այլ ոլորտային վարչություններ։
Կցված պաշտոնական ցանկից երևում է, որ վարչություններից յուրաքանչյուրն ունի առանձին ղեկավար, իսկ դրանց կազմում գործում են նաև բաժիններ, ինչն էլ ավելի է մեծացնում վարչական կառուցվածքը։

Այսպիսով, պաշտոնական տվյալները փաստում են, որ Էկոնոմիկայի նախարարությունն ունի 27 վարչություն, ինչը 10-ով ավելի է, քան ՀՀ ֆինանսների նախարարությունում։
Նկատենք, որ սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական գործառույթները բաժանված են երկու կառույցների միջև։ Էկոնոմիկայի նախարարությունում գործում է Սննդամթերքի անվտանգության վարչություն, իսկ վերահսկողության և տեսչական գործառույթներն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Այս կառուցվածքի պայմաններում առաջանում է հարց, թե որքանով է անհրաժեշտ նախարարությունում առանձին վարչության առկայությունը, եթե ոլորտի հիմնական վերահսկողական լիազորություններն իրականացնում է մեկ այլ պետական մարմին։
Հիշեցնենք, որ բազմաթիվ գյուղատնտեսական արտադրողներ և ձեռնարկատերեր այսօր շարունակում են բախվել արտադրանքի իրացման և արտահանման դժվարություններին։ Հատկապես խնդիրներ են արձանագրվել ավանդական արտահանման շուկաներում, ինչի հետևանքով արտադրողները ստիպված են փնտրել նոր շուկաներ։ Այս իրավիճակում բնական հարց է առաջանում՝ որքանով է նախարարության բազմաշերտ կառուցվածքը նպաստում տնտեսավարողների առջև ծառացած խնդիրների լուծմանը։