«Ամբողջ հարցն այն է, թե մենք ինչ ենք հասկանում «կարգավորում» ասելով։ Իմ դիտարկմամբ, դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից, հիմնական խնդիրը վերաբերում է Հորմուզի նեղուցի ռեժիմին։ Իրանը ցանկանում է Օմանի հետ համատեղ վերահսկել նեղուցը, սակայն այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Օմանի հատվածը բավականին ծանծաղ է, և խոշոր նավերը այնտեղով չեն կարող անցնել։ Ուստի խնդիրը Իրանի կողմից նեղուցը վերահսկելն ու դրանից եկամուտ ստանալն է, ինչպես, օրինակ, Եգիպտոսն է անում Սուեզի ջրանցքում»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված նոր հարվածներին և հակամարտության հնարավոր ընդլայնմանը։
Ստեփան Դանիելյան, քաղաքագետ Նշենք, որ ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի մերձակայքում նախորդ օրը իրականացված օդային հարվածներից հետո Միացյալ Նահանգներն այսօր առավոտյան նոր հարվածներ է հասցրել Իրանին։ Վաշինգտոնի պնդմամբ՝ դրանք պատասխան էին Թեհրանի կողմից նավագնացության դեմ իրականացված վերջին հարձակումներին։ Միաժամանակ չի հստակեցվում, թե արդյոք Պարսից ծոցի տարածաշրջանում գործողությունները շարունակվել են հուլիսի 13-ի առավոտվա դրությամբ։Ստեփան Դանիելյանը շեշտում է, որ ԱՄՆ-ն դեմ է Հորմուզի նեղուցում նման ռեժիմի սահմանմանը։ «Երբ ԱՄՆ-ն փորձում է խախտել այդ ռեժիմը, Իրանը հարվածներ է հասցնում նավթ տեղափոխող որոշ նավերի, իսկ ԱՄՆ-ն պատասխան հարվածներ է հասցնում Իրանին։ Թե այս խնդիրը ինչպես կլուծվի, ես չգիտեմ, բայց տարածաշրջանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ եթե Իրանը զիջումների չգնա, միևնույն է, վերահսկելու է Հորմուզի նեղուցը, իսկ Միացյալ Նահանգներն ու մյուս երկրները ստիպված են լինելու հաշվի նստել այդ իրողության հետ»,- կարծում է նա։
Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ն միայն օդային հարվածներով չի կարող գրավել Իրանը։ «Իրանը գրավելու համար անհրաժեշտ են ցամաքային գործողություններ, որոնք ԱՄՆ-ն չի կարող իրականացնել։ ԱՄՆ-ն ի զորու չէ ցամաքային գործողություններ իրականացնելու, որովհետև ափը բավականին երկար է, այնտեղ հիմնականում լեռնային շրջաններ են, իսկ Իրանը այնտեղ տեղակայված զինատեսակներ ունի, որոնցով հարվածում է և բարդացնում ԱՄՆ-ի գործողությունները։ Բացի այդ, Իրանը մեծ քանակությամբ փոքր ռազմական մոտորանավակներ ունի»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով նաև այն հանգամանքին, որ ԱՄՆ-ին չի հաջողվում Իրանի դեմ ձևավորել արաբական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների կոալիցիա։
«Թեև Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունվել են որոշ ձևակերպումներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես համատեղ պատասխանատվության հիմք, և այնտեղ եղել է նաև Իրանին վերաբերող կետ, որով ԱՄՆ-ի նախագահը փորձել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ներքաշել Իրանի դեմ գործողությունների մեջ, այնուամենայնիվ, դաշինքի մի շարք երկրներ, մասնավորապես Իսպանիան և Իտալիան, դեմ են դրան։ Թե ինչով կավարտվի այս ամենը, դեռևս դժվար է ասել»։
Oragir.News-ի հարցին, թե Հայաստանի համար այս իրավիճակն ինչ հետևանքներ կարող է ունենալ, Ստեփան Դանիելյանը պատասխանեց, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, բնականաբար, անդրադառնում է նաև մեր տարածաշրջանի վրա։
«Իրան-Միացյալ Նահանգներ այս սողացող պատերազմը, բնականաբար, իր ազդեցությունն ունի, բայց, ինչպես Իրանի հարցում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների միջև կան հակասություններ, այնպես էլ այնպիսի տպավորություն է, որ նրանց միջև կան հակասություններ մեր տարածաշրջանին վերաբերող հարցերում։ Եվրոպական միությունը ցանկանում է ավելի ակտիվ դերակատարություն ունենալ այսպես կոչված TRIPP նախագծում, բայց Միացյալ Նահանգները, կարծես թե, դեմ է դրան, և այստեղ ևս հակասություններ կան»,- կարծում է նա։
Ստեփան Դանիելյանը հավելեց, որ եթե Իրանի հարցը որոշակի լուծում ստանա, ապա տարածաշրջանային մյուս հարցերը ևս կարող են որոշակիորեն հստակեցվել, սակայն դրանք ամբողջությամբ չեն վերանա։