Պարագվայի սենատոր Սելեստա Ամարիլյան շարունակում է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հետ հեռակա կոնֆլիկտը՝ հանդես գալով նոր, ավելի կոշտ հայտարարություններով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքական գործիչը վիրավորական տոնով քննադատել էր ֆրանսիացի աստղին այն բանի համար, որ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչի խաղից հետո Մբապեն հրաժարվել էր սեղմել Պարագվայի ազգային հավաքականի դարպասապահ Օռլանդո Խիլի ձեռքը։ Դրան հետևել էր ֆուտբոլիստի պատասխանը, ինչից հետո սենատորն արդեն սպառնացել էր խաղացողին բանտարկությամբ։
Այժմ ABC Cardinal-ի եթերում Ամարիլյան կրկին անդրադարձել է թեմային՝ որպես օրինակ բերելով լեգենդար Ռոնալդինյոյի հայտնի պատմությունը, երբ բրազիլացին կեղծ փաստաթղթերով երկիր մուտք գործելու փորձի համար հայտնվել էր պարագվայական բանտում.
«Ես խորհուրդ կտայի նրան կարդալ իմ նամակը, եթե, իհարկե, նա ընդհանրապես կարդալ գիտի, և կհորդորեի շատ զգույշ լինել պարագվայցիների հետ։ Ռոնալդինյոն արդեն բանտարկվել է այստեղ, և նա [Մբապեն] չպետք է ինձ թերագնահատի։ Ես կարող եմ նրան դատի տալ գենդերային և քաղաքական բռնության համար։ Նա պարտավոր է ներողություն խնդրել ինձնից»,- հայտարարել է Ամարիլյան։
Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականը հաղթահարել է Պարագվայի արգելքը (1:0) և հուլիսի 10-ին ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում կմրցի Մարոկկոյի ընտրանու հետ: