Ռուսաստանում բենզին չկա, Ղրիմից բոլորը հեռանում են։ Արդյո՞ք այս իրավիճակը վկայում է, որ ՌԴ-ն առաջիկայում կընդունի իր պարտությունը։ Եթե այո, ապա Ռուսաստանի պարտությունն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա։
Անգելա Մերկելի կանխատեսմամբ՝ ուկրաինա-ռուսական պատերազմը կավարտվի 10 տարի անց։ Մի շարք այլ կանխատեսումների համաձայն՝ այն կտևի մինչև 2030-ը։ Ոմանք կարծում են, որ ՌԴ-ին կմնա Ուկրաինայից զավթած տարածքի մի մասը։
Այս առումով՝ ռազմավարական նշանակություն ուներ Ղրիմը։ Մոսկվան հույս ուներ, որ Ղրիմը կմնա Ռուսաստանին։ Սակայն Ղրիմից բնակչության տարհանումը ցույց է տալիս, որ Մոսկվան պատրաստ է հրաժարվել Ղրիմից, հանձնել այն։ Սա ողջամիտ որոշում կլինի։ Ղրիմը հանձնելով՝ պատերազմն արագ կավարտվի։ Եվ խաղաղություն կլինի այդ երկրում։ ՌԴ-ի նկատմամբ կդադարեն պատժամիջոցները, և այս երկիրը կվերականգնվի։ Հակառակ պարագայում, եթե պատերազմը շարունակվի մի քանի տարի կամ տասնամյակ, ինչպես կանխատեսում են արևմտյան կենտրոններն ու գործիչները, ապա կարող է ավարտվել Ռուսաստանի կործանմամբ։
Օրեր առաջ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էր
հայտարարել, թե հակառակորդները ցանկանում են, որ Ռուսաստանը անհետանա աշխարհի քարտեզից։ Սա յուրատեսակ նախազգուշացում էր ուղղված ռուս ժողովրդին, որ առաջիկայում հնարավոր է՝ Ռուսաստանը պարտվի, լուծարվի, աշխարհի քարտեզից անհետանա։ Ռուսական պետական գործիչների այսպիսի հայտարարությունները ևս ամրացնում են վարկածը, թե Ռուսաստանը կարող է պարտվել պատերազմում։
Բենզինի սղությունը նույնպես Ռուսաստանի պարտության մասին է վկայում։ Պատերազմում բենզինի, դիզվառելիքի սղությունը բազմաթիվ խնդիրների պատճառ է դառնում և կարող է հանգեցնել պարտության ու կապիտուլյացիայի։ Սա հասկանում են բոլորը։ ՌԴ-ում այս առումով տագնապն այնքան մեծ է, որ արգելել են նկարել ու հրապարակել բենզինի հերթերը, որոնք երբեմն հասնում են մի քանի կիլոմետրի։ Այդպիսի սահմանափակումներով փորձում են ժողովրդին կտրել իրականությունից, հույս ներշնչել, թե հնարավոր է խուսափել պարտությունից։
Աշխարհում պատկերացում կա, թե Ռուսաստանը պետություն չէ, այլ մեծ գազալցակայան։ Այն ուժեղ է, քանի դեռ ունի ու վաճառում է գազ։ Եթե չունենա գազ, ապա կլուծարվի, կփակվի։ Բենզինի դեֆիցիտը մարդկանց ենթագիտակցության մեջ ստեղծում է պատկեր, թե ՌԴ-ն շուտով կարող է փակվել, դադարել գոյություն ունենալուց, այդ երկրի նոր ղեկավարը կստորագրի ՌԴ-ն լուծարելու թուղթը, ինչպես Արցախի վերջին նախագահը ստորագրեց Արցախի գոյության դադարման թուղթը։ Արցախի կապիտուլյացիայից առաջ 9 ամիս բլոկադա էր։ Ով հիշում է Արցախի այդ օրերը, կարող է պատկերացնել, որ առաջիկայում ՌԴ-ն կարող է այդ օրին ընկնել։ Եվ դա արդար կլինի, քանի որ ՌԴ-ն այդ ժամանակ աջակցում էր Ադրբեջանին։
Ռուսաստանի պարտությունն ուղղակի անդրադարձ է ունենալու Հայաստանի վրա։ ՌԴ-ն հեռանալու է ոչ միայն Ղրիմից, այլև Հայաստանից։ Այսօր Ղրիմից ռուսների հեռանալը հուշում է պատկեր, որ առաջիկայում ՀՀ-ից ևս հեռանալու են, դուրս է բերվելու ռազմաբազան, ռուսական գործակալները մնալու են որբ։
ՀՀ քաղաքական համայնքի մի մասը ռուսական է։ ՀՀ ԱԺ անցած երեք ուժերը ռուսամետ են՝ ՔՊ-ն թույլ ռուսամետ է, երբեմն արևմտամետ խաղեր է տալիս, իսկ մյուս երկու ուժերը վառ ռուսամետ դիրքում են։ Ռուսաստանի կանխատեսելի պարտությունից հետո ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հանրային և օբյեկտիվ հարց կառաջանա, քանի որ անիմաստ է 3 ռուսամետ ուժերով իշխանություն ունենալ այն պարագայում, երբ ՌԴ-ն այլևս այստեղ չէ։
Այս կանխատեսելի զարգացումը հաշվի առնելով՝ ընդդիմադիր ուժերն այսօր կարող են համարժեք դիրք ընդունել։ Եթե նրանք տեսնում են, թե ինչ է կատարվում ՌԴ-ում, ինչպես են ռուսները հեռանում Ղրիմից, ինչ ճգնաժամ և ընդհանուր տագնապ է առաջացել բենզինի դեֆիցիտի պատճառով, ապա կարող են հայտարարել անկախության ու ժողովրդավարության պաշտպանության, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին միանալու նպատակ ունենալու մասին, ռեալ քայլեր կատարել այդ ուղղությամբ։ Հակառակ պարագայում պետք է պատրաստ լինեն, որ ՌԴ-ի պարտության ու Հայաստանից հեռանալու հաջորդ օրն իրենք պետք է հեռանան քաղաքական ասպարեզից՝ տեղը զիջելով իրականությանը համարժեք վարք ու նպատակներ ունեցող կուսակցություններին ու գործիչներին։
Կարճ ասած՝ Ռուսաստանում բենզինի դեֆիցիտն ու Ղրիմից ռուսների տարհանումը Մոսկվայի պարտության նշաններն են։ Եվ եթե այս անգամ ևս ՀՀ իշխանությունը վառ ռուսամետ դիրքորոշում ընդունի, ինչպես 2018-2022-ին, ապա Ռուսաստանի լուծարմանը զուգահեռ կարող է լուծարվել նաև Հայաստանը, իսկ հայ ժողովուրդը կարող է բռնի տեղահանվել ՀՀ-ից՝ տեղը զիջելով 300 հազար ադրբեջանցիներին։