Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կաթողիկոսական ընտրության և օծման 31-րդ տարեդարձի առիթով Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ։ Այս մասին նշված է կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջում:
Կիրակի՝ հունիսի 28-ին, Սուրբ Պատարագի ընթացքում կատարվել է գոհաբանական աղոթք և Հայրապետական մաղթանք՝ Վեհափառ Հայրապետի առողջության, արևշատության և արդյունավետ ծառայության համար։
Օրվա առիթով քարոզել է Հյուսիսային Ամերիկայի Արևելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանը։
Սուրբ Պատարագից հետո Վեհարանի դահլիճում տեղի է ունեցել շնորհավորական հավաք՝ նվիրված Արամ Ա Կաթողիկոսի գահակալության 31-րդ տարեդարձին։
Միաբանության անունից ուղերձ է ընթերցել Դպրեվանքի հսկիչներից Տ. Ազատ վարդապետ Ֆիլիքյանը, որից հետո Վեհափառ Հայրապետը հանդես է եկել օրհնության խոսքով։