Հանրային անվտանգության ապահովման գործում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ իրավապահ համակարգի առաջնահերթությունը։ Կյանքեր կործանող այս չարիքի դեմ պայքարն անզիջում է, իսկ կանխարգելման միջոցառումները՝ շարունակական։ Ու նաև այս խնդրի շուրջ միջազգային հանրության ջանքերը համախմբելու նպատակով է, որ հունիսի 26-ն աշխարհում նշվում է որպես Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օր։
ՆԳՆ-ից հայտնում են՝ 2026 թվականի 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք։
«Ոստիկանությունը հետևողական պայքար է տանում թմրամիջոցների շրջանառության դեմ՝ հատկապես մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներմուծումը ՀՀ կանխելու ուղղությամբ»,- նշում է ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Գևորգ Ասրյանը։
ՆԳՆ ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների որդեգրած համակարգային մոտեցման և արդյունավետ պայքարի շնորհիվ կանխվում է նաև փոքր խմբաքանակներով թմրամիջոցների տարածումը․ բացահայտվում են դրանց պահման, օգտագործման և իրացման ամբողջական շղթաները՝ հնարավորություն տալով առավել արդյունավետ հակազդել հանցավորության ընդլայնմանը։