Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 16:00 25-06-2026

Ինչու են կալանավորում ընդդիմադիրներին. 3-րդ պայմանը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ավետիք Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն «ծայրից ծայր» սուտ։

Ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից մի քանիսի ղեկավարներ հետապնդումների են ենթարկվում։ Նախ՝ սա հակաժողովրդավարական է՝ անկախ պատճառից։

Իսկ ինչպե՞ս են ընտրում, թե որ գործիչներին հալածեն, իսկ որոնց՝ ոչ։ Այս առումով երեք պայման կա։

Առաջինը՝ թիրախում են այն ուժերը, որոնք շատ անդամներ ու համակիրներ ունեն, կարող են իրական մրցակից դառնալ։ Նրանք հալածվում են, քանի որ Նիկոլ Փաշինյանը ազնիվ մրցակցության հարցում ունի վախեր, վախենում է այն գործիչներից, որոնք մեծ ժողովրդականություն ունեն, հետևորդների մեծ շարքեր ունեն, կարող են շատ ձայներ ստանալ և հաղթել ընտրություններում։

Երկրորդը՝ թիրախում են այն գործիչները, որոնք կազմակերպչական ունակություններ ունեն, կարող են ոչ միայն մարդկանց մոբիլիզացնել, այլև ֆինանսական միջոցներ գեներացնել։ Ենթադրելի է, որ Փաշինյանը վախենում է այսպիսի մարդկանցից, որոնք փող ունեն կամ կարող են միջոցներ հավաքել։ Փող ունեցող մրցակիցները կարող են լավ քարոզարշավ կազմակերպել, շատ ձայն ստանալ, հաղթել ընտրություններում։ Այս առումով հանիրավի հալածանքների են ենթարկվում լավ կազմակերպիչները։

Երրորդը՝ ռուսամետ դիրքորոշումն է։ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ժողովրդավարական երկրները քննադատում են ՀՀ իշխանություններին, երբ նրանք խախտում են մարդու իրավունքները, ոտնահարում ժողովրդավարական արժեքները։ Օրինակ՝ Բելառուսում ընդդիմադիր գործիչներին հանիրավի հետապնդելու համար այս երկիրն ընկել է պատժամիջոցների տակ։ ԱՄՆ-ն չի ճանաչում Բելառուսի ընտրությունների արդյունքները։ Իսկ ՀՀ-ում իշխանությունը պաշտպանվում է ժողովրդավարական երկրների պատժամիջոցներից, ներկայացնելով, թե հալածվող ընդդիմադիրները ռուսական գործակալներ են և սպառնալիք ոչ միայն ՀՀ անկախության ու ժողովրդավարության, այլև միջազգային անվտանգության համար։

Ավետիք Չալաբյանը բազմաթիվ համակիրներ ունի, մի քանի անգամ ապացուցել է, որ լավ կազմակերպիչ է, կարողանում է մարդկանց համակրանք ներշնչել։ Իսկ հունիսի 7-ից առաջ նա հրապարակավ միացավ «Ուժեղ Հայաստանին», որի առաջնորդը հանդես էր գալիս ռուսամետ նարատիվներով։

Այսպիսով՝ քաղաքական գործչին կալանավորելու համար անհրաժեշտ է, որ նա ունենա շատ համակիրներ, փող հավաքելու կարողություն և լինի ռուսամետ։

Այստեղ ծագում է տրամաբանական հարց. հնարավո՞ր է հրաժարվել ռուսամետ դիրքորոշումից, կանգնել անկախության ու ժողովրդավարության պաշտպանության դիրքերում և խուսափել քաղաքական հետապնդումներից, բայց հաջողության հասնել ընտրություններում։

Բանն այն է, որ Փաշինյանը գերադասում է իշխանությունը կիսել ռուսամետ ուժերի հետ։ 2021-ի ու 2026-ի ընտրություններում ՔՊ-ն մեծ ջանք է գործադրել, որ ընդդիմադիր նիշան զբաղեցնեն ռուսամետ ուժերը։ Այսինքն՝ ընդդիմադիր նիշայում տեղ ունենալու չգրված պայմանը ռուսամետ դիրքորոշումն է։

Պարզ ասած՝ ընդդիմադիրներին սուտ մեղադրանքներ ներկայացնելու պայմանները կազմում են փակ շրջանակ։ Եթե ռուսամետ չես, ապա ԱԺ անցնելու, քաղաքականության վրա ընդդիմադիր մանդատով ազդելու շանս չունես։ Իսկ եթե ռուսամետ ես, ապա քեզ կարող են սուտ մեղադրանք ներկայացնել ու կալանավորել։ Սա իրոք փակ շրջանակ է, որտեղ մտնողն անցնում է բանտերով, իսկ չմտնողը մնում է քաղաքականության լուսանցքում։

Այս խայտառակ շրջանակը կոտրելու համար անհրաժեշտ է, որ քաղաքական համայնքի բոլոր միավորները հրաժարվեն ռուսամետ դիրքորոշումից, միասնաբար դուրս հրավիրեն ռուսական զորքերը և օրենքով արգելեն ռուսական գործակալներին պետական պաշտոն զբաղեցնել։ Այս պարագայում ընդդիմադիր գործիչներին սուտ մեղադրանքներ չեն առաջադրի ու չեն կալանավորի, քանի որ դաշտում ռուսամետ գործիչ չի լինի, և կփոխվի ընդդիմադիր նիշան զբաղեցնելու 3-րդ պայմանը։

Ամենից շատ դիտված