Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 20:30 23-06-2026

Իշխանությունը փորձում է ազատվել ՀԷՑ-ի ահռելի ծախսերից. ինչ է թաքնված «գերակա շահի» հետևում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Սովորաբար, երբ որևէ ընկերություն կամ տարածք ճանաչվում է հանրային գերակա շահ, դա կառավարությանը հնարավորություն է տալիս այնտեղ որոշակի գործողություններ իրականացնել՝ առանց սեփականատիրոջ կարծիքը պարտադիր հարցնելու։ Տվյալ դեպքում իրենք ուզում են ՀԷՑ-ը վաճառքի դնել՝ առանց սեփականատիրոջ համաձայնության»,- Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ կառավարության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու որոշմանը, կարծիք հայտնեց Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։

«Եթե չեմ սխալվում 380 հազար դոլար են առաջարկել սեփականատերերին, դա ծիծաղելի գումար է, որովհետև ՀԷՑ-ը, ամենաքիչը, 20 անգամ ավելի թանկ արժե։ Հետևաբար, իրենք պատրաստվում են վաճառքի հանել մի ակտիվ, որն այս պահին, ըստ էության, սեփականատիրոջից խլված է, և որի ամբողջ ծախսերը դրված են պետական բյուջեի վրա։ Սրանք ահռելի ծախսեր են, և պետությունը չի կարողանում դրանք հոգալ։ Դրա համար էլ ուզում են ազատվել այդ բեռից։ Եթե վերադարձնեն իրական տիրոջը, կնշանակի ընդունել, որ սխալվել են, իսկ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ իրենք չեն ուզում դա անել։ Դրա փոխարեն, բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելով, փորձում են այն վաճառել մեկ այլ գնորդի, որպեսզի հետագա ֆինանսական ծախսերը բարդեն երրորդ կողմի վրա»,- շարունակեց Մանվելյանը՝ ընդգծելով, որ պատասխանատվությունն այլ սուբյեկտի փոխանցելը հենց այն տրամաբանությունն է, որով առաջնորդվում են իշխանությունները՝ գերակա շահ հռչակելիս։

Անդրադառնալով գործընթացը «ազգայնացում» որակող գնահատականներին՝ տնտեսագետը նշեց, որ այդ եզրույթը հաճախ օգտագործվում է ոչ ճշգրիտ իմաստով։

««Ազգայնացում» բառը շատերը սիրում են օգտագործել, բայց հաճախ չեն հասկանում՝ ինչ է նշանակում։ Ի՞նչ է նշանակում ազգայնացում. պետությունը գողանո՞ւմ է սեփականությունը։

Այս պահին, դե յուրե, սեփականատերը Սամվել Կարապետյանն է կամ «Տաշիր Գրուպը», բայց կառավարումն ամբողջությամբ վերցրել է պետությունը։ Իրենք հույս ունեին, որ նախկին սեփականատերը կշարունակի ֆինանսավորել համակարգը, բայց վերջինը հրաժարվել է, քանի որ կառավարումն իրենը չէ։ Հիմա, երբ ներդրում չկա, գերակա շահ հայտարարելով՝ փորձում են երրորդ կողմին վաճառել։

Իմ կարծիքով՝ սա շատ անգրագետ որոշում է։ Նախ՝ չեմ կարծում, որ գտնվի գնորդ, որը պատրաստ կլինի վճարել իրական արժեքը, որը մոտավոր հաշվարկներով 600-800 միլիոն դոլարի սահմաններում է։ Բացի այդ, գոյություն ունի Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը, որի պայմաններում ՀԷՑ-ի հետ կապված ցանկացած նման գործարք կարող է իրավական խնդիրների առաջ կանգնել։ Հետևաբար, միջազգային գնորդ գտնելը չափազանց բարդ կլինի։

Բայց նույնիսկ եթե տեսականորեն ենթադրենք, որ ամեն ինչ շրջանցվեց և վաճառքը կայացավ, մնում է գլխավոր հարցը՝ ո՞վ է անելու անհրաժեշտ ներդրումները։ ՀԷՑ-ը մշտական ներդրումների կարիք ունի։ Եթե դրանք չլինեն, համակարգը ժամանակի ընթացքում պարզապես կդադարի նորմալ գործել և կփլուզվի»։

Հարցին, թե ՀԷՑ-ի բաժնետոմսերը որպես վաուչեր քաղաքացիներին բաժանելու գաղափարն ինչքա՞ն իրատեսական է համարում, փորձագետը նշեց, որ, ինչպես ժամանակն է ցույց տվել՝ «վաուչերային քաղաքականությունը» չաշխատող մեխանիզմ է, և ըստ նրա, խնդիրը բաժնետոմսերը ժողովրդին բաժանելը չէ։

«Պատկերացրեք՝ բաժանեցին վաուչերների տեսքով։ Դրանից հետո ո՞վ է իրականացնելու անհրաժեշտ ներդրումները։ Ժողովուրդը չի կարող այդպիսի ծավալի ներդրումներ անել։ Արդյունքում ոչ թե շահ կլինի, այլ տնտեսական վնասը կարող է ավելի մեծ լինել։ Եվ այդ վնասը, ի վերջո, կզգան սպառողները։

Եթե համակարգը սկսի վատ աշխատել կամ փլուզվել, մարդիկ դա ամեն օր իրենց վրա կզգան։ Դա կբերի սակագների բարձրացման, որոշ դեպքերում նաև էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների»,- եզրափակեց Արմեն Մանվելյանը։


Ամենից շատ դիտված