Գյումրիի քաղաքապետարանը, կարծես, աստիճանաբար վերածվում է ոչ թե համայնքային կառավարման մարմնի, այլ ընտանեկան կապերով աշխատող փակ համակարգի, որտեղ առանցքային պաշտոնները բաժին են հասնում ոչ թե մրցակցային ու թափանցիկ գործընթացների արդյունքում ընտրված մասնագետներին, այլ քաղաքային իշխանության հետ ազգակցական կամ խնամիական կապ ունեցող անձանց։
Այսինքն` ժանրի կանոններին համապատասխան և ավանդական ձևերով։
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսաներից մեկը՝ Ավետիս Առաքելյանը, զբաղեցնում է Գյումրիի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։
Մյուս փեսան՝ Հովհաննես Կարապետյանը, նշանակված է Գյումրու լողի մարզադպրոցի տնօրենի պաշտոնում, քաղաքապետարանի հաստիքացուցակում էլ որպես խորհրդական է գրանցված, իսկ քաղաքապետի խնամին՝ Գագիկ Ավետիսյանը, ղեկավարում է քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը։ Ղուկասյանի մտերիմ ընկերն էլ Գագիկ Մանուկյանն էլ զբաղեցնում է քաղաքապետի մյուս տեղակալի պաշտոնը։
Այսինքն` հետևությունը հետևյալն է, որ Գյումրիի քաղաքային իշխանության ներսում առանցքային պաշտոններ են զբաղեցնում քաղաքապետի ամենամոտ ընտանեկան շրջապատի ներկայացուցիչները՝ ստեղծելով մի պատկեր, որն ավելի շատ հիշեցնում է ընտանեկան բիզնեսի կառավարում, քան համայնքային իշխանության աշխատանք։
Առաջին հայացքից արտառոց ոչինչ չկա, որովհետև քաղաքապետարանում պաշտոն զբաղեցնելը ինքնին չի կարող դիտարկվել որպես խախտում միայն այն պատճառով, որ տվյալ անձը ազգակցական կապ ունի քաղաքապետի հետ, բայց երբ խոսքը համայնքային կառավարման մասին է, ապա դա պետք է լինի առավելագույնս հիմնավորված, թափանցիկ և հանրության համար հասկանալի։
Հակառակ դեպքում ստեղծվում է տպավորություն, որ պաշտոնները բաժանվում են ոչ թե մասնագիտական կարողությունների, այլ «ներքին կապերի» տրամաբանությամբ։