Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, պետք է կանգնի դատարանի առջև կոռուպցիայի մեղադրանքներով։ Բացի այդ, դատավորը արգելք է սահմանել երկրից նրա դուրս գալու վրա, հաղորդել է Reuters-ը։
Ինչպես փոխանցել է գործակալությունը, որոշումը շաբաթ օրը կայացրել է քննչական դատավոր Խուան Կառլոս Պեյնադոն։ Գոմեսին պարտավորեցրել են հանձնել անձնագիրը, արգելել են լքել Իսպանիայի տարածքը և պարտավորեցրել են ամիսը երկու անգամ ներկայանալ դատարան։
Քննության վարկածով՝ Բեգոնյա Գոմեսը կարող էր օգտագործել կառավարության ղեկավարի կնոջ իր կարգավիճակը պայմանագրեր ստանալու համար։ Նա մերժում է մեղադրանքները։ Գործի նախաձեռնողները ծայրահեղ աջ քաղաքական խմբերի ներկայացուցիչներն են։
Այս գործը դարձել է մի քանի կոռուպցիոն հետաքննություններից մեկը, որոնք ուժեղացնում են քաղաքական ճնշումը վարչապետ Պեդրո Սանչեսի նկատմամբ։ Նա ինքը մեղադրյալների թվում չէ և հայտարարում է, որ տեղի ունեցողն իր դեմ քաղաքական արշավի բնույթ ունի։
Միաժամանակ, Իսպանիայում շարունակվում են նախկին և գործող մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ Սանչեսի համախոհների նկատմամբ հետաքննությունները պետական պայմանագրերի, համավարակի ընթացքում գնումների և ենթակառուցվածքային նախագծերի հետ կապված գործերով։