Շվեյցարիայում ընտրողները մերժել են երկրի բնակչության թվաքանակը 10 միլիոն մարդով սահմանափակելու նախաձեռնությունը, հայտնում է BBC News-ը։
Թեև ձայների հաշվարկը դեռ ավարտված չէ, ընթացիկ կանխատեսումները ցույց են տալիս, որ հանրաքվեի մասնակիցների մոտ 55%-ը հանդես է եկել առաջարկի դեմ, մինչդեռ մոտավորապես 45%-ն է աջակցել դրան։
Նախաձեռնությունը առաջադրել էր աջակողմյան Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը, որն ավանդաբար կոշտ դիրքորոշում ունի ներգաղթի հարցերում։ Առաջարկի ընդունման դեպքում, գնահատականների համաձայն, Շվեյցարիան ստիպված կլիներ վերանայել մարդկանց ազատ տեղաշարժի վերաբերյալ Եվրոպական միության հետ կնքված համաձայնագրերը։
Տվյալների համաձայն, երկրի բնակչությունն արագ աճում է՝ 2002 թվականի 7,3 մլն մարդուց մինչև այսօր մոտ 9,1 մլն։ Երկրի բնակիչների շուրջ 27%-ը Շվեյցարիայի սահմաններից դուրս ծնված մարդիկ են։ Նախաձեռնության կողմնակիցները պնդում էին, որ բնակչության սահմանափակումը թույլ կտար նվազեցնել ենթակառուցվածքների, տրանսպորտի, բնակարանային շուկայի և սոցիալական համակարգերի ծանրաբեռնվածությունը։
Շվեյցարիան մնում է այն սակավաթիվ երկրներից մեկը, որտեղ կարևոր քաղաքական որոշումները պարբերաբար դրվում են համազգային հանրաքվեների քվեարկության՝ ուղիղ ժողովրդավարության համակարգի շրջանակում։