Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 օր առաջ - 12:17 09-06-2026

Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը հարցեր է ուղղել ընդդիմությանը՝ շեշտելով՝ որպես ընդդիմադիր ընտրող իրավունք ունի այդ հարցերը տալու։

Նա նշել է, որ հարցերի առաջին հասցեատերը «Ուժեղ Հայաստան» դաշինքն է, քանզի իրենց կողմից ձևավորվել են հաղթանակի ամենաբարձր սպասումները՝ գրեթե չքննարկելով որևէ այլ սցենար։

«Ընտրողների հետ չի եղել բաց խոսակցություն այն մասին, թե ինչ է լինելու պարտության դեպքում ( իրական պարտության կամ կեղծելու դեպքում) ինչ քայլեր են նախատեսվում տարբեր զարգացումների պարագայում, և ինչ քաղաքական որոշումներ կարող են կայացվել այս կամ այն հանգամանքներում։

«Հայաստան» դաշինքը հակառակ բազմաթիվ կանխատեսումների, քաղաքական մեկնաբանությունների, հաշվարկների և սպասումների, արեց առավելագույնը՝ կոնսոլիդացնելու հենց իր ընտրողին։ Նրանց քաղաքական արշավի առանցքը սեփական ընտրազանգվածի մոբիլիզացումն էր, և այդ խնդիրը նրանք լուծեցին հնարավորինս ամբողջական ձևով։

Անկախ ամենից, կարծում եմ՝ մենք`բոլորս, որպես ընդդիմադիր ընտրողներ, արժանի ենք ստանալու մի շարք կարևոր հարցերի պատասխաններ։ Ընդ որում, ինձ համար այս պահին նույնիսկ երկրորդական է, թե ինչպիսին կլինեն այդ պատասխանները։ Ես պատրաստ եմ հարգել ցանկացած քաղաքական որոշում, եթե այն հիմնավորված է, տրամաբանական է և ազնվորեն ներկայացված է ընտրողին։

Հետևաբար կուզենայի լսել հետևյալ հարցերի հստակ պատասխանները.

1. Եթե պնդում եք, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, պատրաստվո՞ւմ եք այդ արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում։

Եթե այո, ապա ի՞նչ ծավալի և ի՞նչ բնույթի խախտումների մասին է խոսքը։ Խոսքը առանձին տեղամասերում արձանագրված խախտումների՞ մասին է, թե՞ այնպիսի խախտումների, որոնք, ձեր գնահատմամբ, ազդել են ընտրությունների վերջնական արդյունքի վրա։

2. Եթե պատրաստվում եք դիմել Սահմանադրական դատարան, ապա արդյո՞ք վստահում եք այդ դատարանին։

Հիշեցնեմ, որ տարիներ շարունակ ընդդիմությունն ինքն է պնդել, որ գործող իշխանությունների օրոք Սահմանադրական դատարանը ձևավորվել է քաղաքական միջամտությունների և վիճահարույց գործընթացների արդյունքում։

Հետևաբար հարցը պարզ է.

վստահո՞ւմ եք այդ դատարանին, թե՞ ոչ։

3.Եթե վստահում եք Սահմանադրական դատարանին այնքան, որ ձեր քաղաքական պայքարի առանցքային փուլը տեղափոխում եք այնտեղ, ապա պատրա՞ստ եք ընդունել նաև այդ դատարանի որոշումը։

Մասնավորապես՝ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ ընտրությունների արդյունքները պետք է մնան ուժի մեջ և բավարար հիմքեր չկան դրանք անվավեր ճանաչելու համար, ընդունելո՞ւ եք այդ որոշումը։

Թե՞ Սահմանադրական դատարանի որոշումը ձեզ համար ընդունելի է միայն այն դեպքում, երբ համապատասխանում է ձեր ակնկալիքներին։

4.Եթե Սահմանադրական դատարանը չի բավարարում ձեր պահանջները և ընտրությունների արդյունքները մնում են ուժի մեջ, այդ դեպքում ի՞նչ է անելու ընդդիմությունը։

Գնալո՞ւ եք խորհրդարան։

5.Եթե որոշում եք գնալ խորհրդարան, ապա ինչո՞ւ։

Ո՞րն է այն քաղաքական նպատակը, որը հնարավոր է իրագործել խորհրդարանում և հնարավոր չէ իրագործել խորհրդարանից դուրս։

6.Եթե որոշում եք չգնալ խորհրդարան, ապա ինչո՞ւ։

Ո՞րն է հետագա գործողությունների ծրագիրը։

Ի՞նչ քաղաքական արդյունք եք ակնկալում ստանալ այդ որոշումից։

7.Եթե խորհրդարանն է պայքարի հարթակը, ապա կոնկրետ ի՞նչ գործիքակազմ եք պատրաստվում օգտագործել։

Որո՞նք են այն մեխանիզմները, որոնք, ձեր կարծիքով, կարող են իրական քաղաքական արդյունք ապահովել։

8.Ո՞րն եք համարում վերջին հինգ տարիների ընդդիմադիր խորհրդարանական գործունեության ամենաարդյունավետ արդյունքը։

Ո՞րն է այն կոնկրետ քաղաքական, օրենսդրական կամ հանրային ազդեցությունը, որը ցույց է տալիս, որ խորհրդարանական մանդատը կարող է լինել արդյունավետ քաղաքական գործիք։
Հաճախ ակնարկներ են արվում, որ «սա գնալու է մինչև տարեվերջ» կամ էլի եսիմ երբ, որ գործող իշխանությունը երկար չի պահպանելու իշխանությունը, որ քաղաքական իրավիճակը կարող է կտրուկ փոխվել մեկ կամ երկու տարվա ընթացքում։

Արդյո՞ք մանդատները պահելու և խորհրդարանում մնալու տրամաբանության մեջ կա նաև նման հաշվարկ։

Եթե կա`ասեք։

Եթե չկա, ապա ինչո՞ւ այդ ակնարկները շարունակաբար շրջանառվում են քաղաքական դաշտում։
10.Վստա՞հ եք ձեր ցուցակների քաղաքական հուսալիության ու միատարրության վրա: Ազնիվ ասեմ` ես վստահ չեմ, գիտեմ խնդիր կա: Բայց սա էլ ասեք: Թող խոսեն նրանք, ովքեր ուզում են մանդատ վերցնեն:

Սրանք մեղադրանքներ չեն։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները, պարտավոր եք տալ։ Ոչ թե կարգախոսների, ոչ թե հույզերի, ոչ թե հերթական «շուտով ամեն ինչ փոխվելու է» ձևակերպման տեսքով, այլ պարզ, հասկանալի և հիմնավորված քաղաքական բացատրությամբ։

Դուք ասեք ձեր հիմնավորումը, ձեր պատկերացումը: Մի պատմեք ինչ կանի կամ կասի Նիկոլը: Կամ եթե անգամ դա է ձեր փաստարկը`ուղիղ ասեք:

Որովհետև ընտրողը ոչ միայն ձայն է տալիս, այլ նաև իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ»,- նշել է Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
22:52 Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին
20:48 Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
23:32 Արթուր Օսիպյանն ազատ արձակվելուց հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցի մասին
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել