Աշտարակի խճուղում խոյացած «Հոմպլեքս» հիպերմոլի շուրջ վերջին տարիների բազմաթիվ հարցեր են կուտակվել։ Պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունը թույլ է տալիս որոշ բացահայտումներ անել կառույցի հետ կապ ունեցող անձանձ գործունեության վերաբերյալ։ Դրանք «ջրի երես են» հանում մի սխեմա, որտեղ այսպես կոչված՝ նախկինների «թալանված կապիտալն» ու ներկա իշխանավորների «հովանավորչությունը» փոխկապակցված աշխատում են նույն նպատակի համար։
Գործարար Նորայր Մարտիրոսյանը, որը նախկինում հիմնադրել է «Կարգին շինանյութ» բրենդը, ավելի ուշ կառուցել է մասշտաբային «Հոմպլեքս» հիպերմոլը։ Նա հանրությանը հայտնի է նաև որպես բարերար, իսկ օրեր առաջ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։ Կոնկրետ ո՞ր ծառայությունների համար է պարգևատրվել գործարարը։

Ի դեպ, ըստ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական տվյալների՝ «ՀՈՄՊԼԵՔՍ ՀԻՊԵՐ ՄՈԼ» ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել ընդամենը 2024 թվականի դեկտեմբերի 5-ին:
Ինչպե՞ս է իրավաբանորեն ընդամենը ամիսների կենսագրություն ունեցող այս ընկերությունը հանկարծ ներկայանում է որպես աստղաբաշխական ներդրումային նախագծի տեր։ Աշխարհում կա՞ մեկ այլ շինարարական ընկերություն, որն ի վիճակի է հիմնադրումից ընդամենը մեկ տարի անց հարյուր միլիոնավոր դոլարների ներդրում պահանջող հիպերմոլ կառուցել: «Հոմպլեքս»-ի պարագայում իրականության վարքը հակասում է տնտեսագիտական կանոններին և ժողովրդավարական նորմերին:

Նորայր Մարտիրոսյանի կենսագրության ստվերային էջեր կան։ Նա, ըստ շրջանառվող լուրերի, 2019-2020 թվականներին մի քանի անգամ վարչական տուգանքների է ենթարկվել ՝ չկարողանալով վճարել 150 հազար դրամ։ Մարտիրոսյանն այդ մասին խոստովանել է իր շրջապատում՝ անկեղծանալով, որ չունի անգամ այդ չնչին գումարը վճարելու հնարավորություն։
Եվ ահա, այս «չքավորության» ֆոնին տեղի է ունենում ֆինանսական հրաշքը․ հայտարարվում է ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ հսկայական «Հոմպլեքս»-ի կառուցման մասին: Օրինաչափ և տրամաբանական հարց է առաջանում՝ որտեղի՞ց հայտնվեցին այդ աստղաբաշխական միջոցները մի մարդու մոտ, ով ոչ վաղ անցյալում չէր կարողանում վճարել 150 հազար դրամի տուգանքը:
Ավելին, նրա անվան հետ կապվող «Կարգին շինանյութ» հայտնի բրենդի իրական պատկերը ևս հարցեր է առաջացնում: Իրական շահառուների պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ «ԿԱՐԳԻՆ ՇԻՆԱՆՅՈՒԹ» ՍՊԸ-ի 100% բաժնետերն ու միակ իրական շահառուն Լուսինե Հովսեփյանն է: Նորայր Մարտիրոսյանի անունն այստեղ ընդհանրապես չկա:

Ասում են, թե՝ կասկածի այս բուրգի իրական ճարտարապետը Նորայր Մարտիրոսյանի գործընկեր, ՊԵԿ մաքսային հսկողության վարչության նախկին պետ Գևորգ Սաղոյանն է: Սաղոյանը պատահական կերպար չէ. նա տարիներ շարունակ եղել է ՊԵԿ նախկին նախագահ, կոռուպցիոն հսկայական գործերով անցնող Գագիկ Խաչատրյանի ամենավստահելի «կադրերից» մեկը: Հենց Սաղոյանի ձեռքով և մաքսային սխեմաների միջոցով են տարիներ շարունակ շրջանառվել նախկին համակարգի ստվերային միլիոնները:

Սակայն ամենաուշագրավն այն է, որ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո իրավապահների տեսադաշտում հայտնվելու փոխարեն՝ Սաղոյանը անդամագրվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Նա այսօր Նիկոլ Փաշինյանի զինակիցն է և մեծ հաջողությամբ առաջ է տանում ՔՊ-ի քաղաքական օրակարգն ու շահերը՝ և մնում ազդեցիկ դերակատար։
Ինչ վերաբերում է գործարար Նորայր Մարտիրոսյանին, ապա նա այսօր ստանձնել է կարևոր դերակատարում՝ դառնալով յուրատեսակ «կամուրջ» նախկին և ներկա իշխանությունների միջև։ ՔՊ-ի կուլիսային գործընթացներում նրա ենթադրյալ առաքելությունը նախկին համակարգում թալանված միջոցների և ներկայիս իշխանության հետ առնչվող ֆինանսական հոսքերի օրինականացումն ու դրանց անվտանգ շրջանառության ապահովումն է։