Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 օր առաջ - 16:23 01-06-2026

Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

Հունիսի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը:

Տոնական այդ օրը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է: Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը ուխտավոր հավատացյալների ուղեկցությամբ շարժվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմե կույսի մասունքակիր Աջը:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան մասունքով օրհնեց հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին՝ այն փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Անանիա եպիսկոպոս Ծատուրյանին։

Բերկրառատ տոնի առիթով Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխլուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Դավիթ աբեղա Օհանյանը։

Օրվա խորհրդի մասին քարոզեց Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը՝ անդրադառնալով տոնի խորհրդին և Հռիփսիմյանց կույսերի նահատակության պատմությանը։

«Սուրբ կույսերը մերժեցին կռապաշտությունը և չուրացան իրենց հավատքը, հատկապես Հռիփսիմեն, որին խոստացվեց մինչև թագուհու պաշտոն, հարստություն, սակայն նա այս ամենի փոխարեն ընտրեց Քրիստոսի սերը։ Սուրբ կույսը մերժեց թագավորի կամքը, որի համար և նահատակվեց», – ասաց Հայկազուն Սրբազանը՝ ընդգծելով, որ Հռիփսիմյանց կույսերի մարտիրոսությունը հետագա դարերում քրիստոնյաների համար դարձավ առ Աստված նվիրումի և անձնազոհության օրինակ։

Հայկազուն արքեպիսկոպոսը նկատեց նաև, որ Հռիփսիմյանց կույսերի տոնակատարությունը պարզապես պատմության հիշատակում չէ, այլ վերահաստատումն է մեր հավատքի՝ որպես սուրբ կույսերի հետևորդներ, ինչպես առաքյալները՝ Քրիստոսի, և քրիստոնեությունը միայն գրքերում արձանագրված աստվածաբանություն չէ, այլ ամեն օր ապրվող իրականություն է։

Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, սրբուհու մասունքակիր Աջով կատարվեց Անդաստանի կարգ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել