copy image url
Մամուլ 1 շաբաթ առաջ - 08:15 26-05-2026

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է հետին թվով. փաստաթուղթ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման վերաբերյալ հարցմանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը ոչ թե պարզաբանում է տալիս, այլ ցուցադրում է պետական ինստիտուտների ամենավտանգավոր արատներից մեկը՝ պատասխանատվությունից համակարգված խուսափումը։

Հանձնաժողովը փաստացի չի վիճարկում, որ նախընտրական ելույթի ընթացքում օգտագործվել է ԱԱԾ տնօրենի հաղորդած տեղեկատվությունը։ Չի էլ փորձում գնահատել՝ արդյոք վարչապետի պաշտոնակատարի կողմից ուժային կառույցից ստացված տվյալների հրապարակային օգտագործումը կարող էր դիտարկվել որպես պաշտոնեական դիրքի առավելություն։ Փոխարենը՝ ամբողջ պատասխանն կառուցված է մեկ գաղափարի շուրջ․ «դա մեր լիազորությունից դուրս է»։

Սակայն այստեղ առաջանում է հիմնարար հարց․ եթե վարչական ռեսուրսի, պաշտոնեական դիրքի և պետական լծակների կիրառման քաղաքական զգայուն դեպքերում հենց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրաժարվում է նյութական գնահատական տալուց, ապա ո՞րն է այդ մարմնի իրական գործառույթը։

Հատկանշական է նաև, որ հանձնաժողովը հղում է անում սեփական 2026 թվականի որոշմանը, ըստ որի՝ նախ պետք է վարչական դատարանը հաստատի իրավախախտումը, և միայն դրանից հետո իրենք կարող են անդրադառնալ էթիկական բաղադրիչին։ Այսինքն՝ կառույցը իրեն վերապահել է բացառապես «հետին թվով արձագանքողի» դեր՝ զրկելով իրեն կանխարգելիչ ինստիտուտ լինելու իմաստից։

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին տրված պատասխանն ամբողջությամբ իրավական տեխնիկայի լեզվով է գրված՝ խուսափելով ամենակարևոր քաղաքական և հանրային հարցից․ արդյոք բնականո՞ր է, երբ ընտրարշավի ընթացքում երկրի ղեկավարն օգտվում է ուժային կառույցներից ստացված տեղեկություններից և դրանք դարձնում քարոզչական գործիք։

Հանձնաժողովը կարող էր առնվազն հայտարարել, որ հարցը պարունակում է հանրային վստահության, վարչական չեզոքության և պաշտոնեական էթիկայի ռիսկեր։ Բայց նույնիսկ այդ նվազագույն քաղաքական-էթիկական արձագանքը բացակայում է։

Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, որտեղ հակակոռուպցիոն մարմինը կոռուպցիոն կամ վարչական ազդեցության հնարավոր ռիսկի մասին հարցին պատասխանում է ոչ թե գնահատմամբ, այլ իրավասությունների քարտեզով։ Իսկ դա արդեն ոչ թե իրավական զգուշավորություն է, այլ ինստիտուցիոնալ ինքնանահանջ։

Հիշեցնենք, որ կոռուպցիան միջազգային ընդունված ձևակերպմամբ պետական կամ վստահված իշխանության չարաշահումն է՝ մասնավոր, քաղաքական կամ խմբային շահ ստանալու նպատակով։ «Թրանսփարենսի ինթերնեշնըլը» կոռուպցիան սահմանում է որպես «վստահված իշխանության չարաշահում անձնական շահի համար»։ Քաղաքական կոռուպցիան այդ երևույթի առավել վտանգավոր ձևերից է, երբ պետական իշխանությունը, վարչական ռեսուրսը, ուժային կառույցները կամ պաշտոնեական լծակները օգտագործվում են քաղաքական ազդեցություն պահպանելու, ընդդիմախոսներին թիրախավորելու կամ ընտրական գործընթացների վրա անհավասար ազդեցություն գործադրելու նպատակով»։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար