copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 18:22 25-05-2026

Գորիսի Յոլյանի անվան հիվանդանոցի նախկին տնօրենը ապօրինի գույք էր օտարել

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է «Գորիսի Ռ.Յոլյանի անվան հիվանդանոց» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններն ի վնաս ընկերության շահերի օգտագործելու, վերջինիս և նրա կնոջ ու քրոջ կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Ս.Ա.-ն 1991 թվականից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ ընկերության տնօրենի պաշտոնը, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող՝ Գորիս քաղաքի Գր. Տաթևացու 31 հասցեում գտնվող 708.4քմ ընդհանուր մակերեսով վարչական շենքը և 155.6քմ մակերեսով ավտոտնակները, 2005 թվականի փետրվարի 11-ին, շուկայական գնից էականորեն ցածր՝ 1 մլն 96 հզր 200 ՀՀ դրամով, ոչ իրավաչափ եղանակով օտարել է քրոջը:

Այնուհետև, վերոհիշյալ անշարժ գույքերի ակնհայտ հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ 2011 թվականի դեկտեմբերի 1-ին նվիրատվության եղանակով փոխանցվել է Ս.Ա.-ի կնոջը՝ Կ.Վ.-ին:
Հիշյալ ձևական նվիրատվության պայմանագրի հիման վրա 2011 թվականի դեկտեմբերի 12-ին նշված գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումից հետո Կ.Վ.-ի անվամբ 2019 թվականի մայիսի 3-ին իրավասու մարմին ներկայացված դիմումի հիման վրա Գորիս քաղաքի Գր. Տաթևացի փողոցի թիվ 31/1 հասցեում գտնվող հիշյալ անշարժ գույքը բաժանվել է երկու առանձին միավորների` Գր. Տաթևացի 31/1/1 վարչական շենք և ավտոտնակ, Գր. Տաթևացի 31/1/2 վարչական շենք հասցեներով:

Այնուհետև, Գորիս քաղաքի Գր. Տաթևացի փողոցի 31/1/1 հասցեում գտնվող վարչական շենքի և ավտոտնակի հանցավոր ծագումը քողարկելու դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով՝ Ս.Ա.-ն Կ.Վ.-ի միջոցով 2019 թվականի օգոստոսի 8-ին դրանք գրավադրել է բանկում և ստացել 28 մլն 80 հզր ՀՀ դրամ գումար, սակայն պայմանագրային պարտավորությունները կատարելուն ուղղված որևէ վճարում չի կատարել, ինչի արդյունքում հիշյալ գույքը 2023 թվականի նոյեմբերի 23-ին 50 մլն 583 հզր 250 ՀՀ դրամով օտարվել է բանկին:

Ս.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը) և Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում), իսկ Ս.Ա.-ի կնոջ և քրոջ նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է կիրառվել Գորիս համայնքի Գր. Տաթևացի 31/1/2 վարչական շենքի վրա:Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգո դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը