Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ կոչ են անում մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին, կարծիք հայտնելով, որ ընտրողների ակտիվ մասնակցության պարագայում ՔՊ-ն կպարտվի։
Արդյո՞ք ընտրողների մասնակցությունը կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Եվ ինչո՞ւ են ընդդիմադիրները կարծում, թե ընտրողների ակտիվության պարագայում ՔՊ-ն կպարտվի։
Անկախության առաջին տարիներին մասնակցությունը որոշիչ էր, քանի որ կար քվորում հասկացությունը։ Ընտրությունները համարվում էին կայացած, եթե դրանց մասնակցել են գրանցված ընտրողների կեսից ավելին։ Հետագայում քվորումը դուրս եկավ և այլևս չէր ազդում ընտրությունների վավերականության վրա։ Եվ կապ չունի, թե քանի հոգի են մասնակցել ընտրություններին։ Այս առումով՝ կարծես՝ հասկանալի չէ, թե ինչու են ընդդիմադիր գործիչներն այսօր կարևոր համարում ընտրողների ակտիվ մասնակցությունը։
Հետագայում ի հայտ եկան տարբեր ընտրակեղծիքներ՝ լցոնում, կարուսել, ալիբաբա և այլն։ Լցոնման պարագայում ընտրողների շատ մեծ մասնակցություն էր արձանագրվում։ Որոշ կիսադատարկ գյուղերում, որտեղ բնակչության մի մասը խոպան էր գնացել, 100 տոկոս մասնակցություն էր գրանցվում։ Լցոնում անելու հնարավորություն ունեին իշխանության թեկնածուները։ Ինչքան ակտիվ մասնակցեին ընտրողներն, այնքան քիչ լցոնում կարող էին անել գործողները։ Այս առումով՝ եթե մտավախություն կա, որ ՔՊ-ն հունիսի 7-ին կարող է լցոնում անել, ապա ընտրողների ակտիվ մասնակցությունը կարող է նվազեցնել կեղծիքի չափերը։
Ալիբաբա կոչվող ընտրակեղծիքի պարագայում ևս ընտրողների ակտիվություն է գրանցվում։ Այս ընտրակեղծիքը նախկինում նույնպես կիրառվել է իշխանության կուսակցության կողմից։ Նույն անձը գրանցվում էր տարբեր տեղամասերի ընտրական ցուցակներում ու մի քանի անգամ քվեարկում օրվա ընթացքում։ Հետագայում նույնականացման սարքերի տեղադրումից հետո այս ընտրակեղծիքը հնարավոր չէր լայնորեն կիրառել։ Սակայն որոշ ընդդիմադիր գործիչներ կասկած էին հայտնում, թե իշխանության կուսակցությունը մի քանի հարյուր հազար կեղծ անձնագրեր է տպել։ Այսինքն՝ ալիբաբա ընտրակեղծիքը շրջանցել էր նույնականացման արգելքը։ Այս պարագայում ևս ընտրողների ակտիվություն էր արձանագրվում, սակայն ոչ հօգուտ ընդդիմության։ Ուստի՝ այս տեսանկյունից ևս հասկանալի չէ, թե ինչպես կարող է ընտրողների ակտիվությունը նպաստել իշխանափոխությանը։ Ընդհանրապես՝ «ալիբաբա» ընտրակեղծիքի դեմ ընդդիմությունը լուրջ գործիքակազմ չունի։ Եվ ընտրողների ակտիվությունն աշխատելու է հօգուտ ՔՊ-ի։
Որոշ ընդդիմադիրներ կարծիք են հայտնում, թե ՔՊ-ի էլեկտորատը սահմանափակ է, և պարտադիր մասնակցելու են ընտրություններին։ Դրա համար նրանց ձեռնտու է ընտրողների քիչ մասնակցությունը։ Ինչքան քիչ մարդ մասնակցի, այնքան մեծ է ՔՊ-ի վերընտրվելու շանսը։ Որոշ հետազոտություններ վկայում են, որ եթե հաջողվի ակտիվացնել ճահիճը և անտարբերներին մղել ընտրությունների, ապա նրանց մեծ մասը ՔՊ-ին ձայն չի տա, և արդյունքում վերջինս ընդդիմություն կդառնա։
Այս գաղափարը ռեալիզացվեց մի քանի շաբաթ առաջ Հունգարիայում։ Ապրիլին Հունգարիայի ընտրություններում մասնակցել է ընտրողների 79 տոկոսը։ Եվ Վիկտոր Օրբանը պարտվեց։ Այս օրինակը, սակայն, մեզ հետ զուգահեռելի չէ։ ՀՀ-ում բարձր ժողովրդականություն վայելող ուժերը ԵՄ-ին անդամակցելու ջատագով չեն, ի տարբերություն Հունգարիայում հաղթողի։ Եվ եթե ենթադրելի է, որ Հունգարիայում ընդդիմության հաղթանակի պարագայում մեծ ջանք է գործադրել ԵՄ-ն, ապա Հայաստանում ԵՄ-ն աջակցում է Փաշինյանին։ Հետևաբար՝ եթե ճահիճի հետ աշխատում է ԵՄ-ն, ապա ինչքան շատ մարդ մասնակցի, այնքան շատ ձայն կստանա ՔՊ-ն։
Մեզ հետ որոշ առումով զուգահեռելի է Մոլդովայի օրինակը։ Սակայն այնտեղ ռուսամետ ուժերին արգելվեց մասնակցել ընտրություններին։ Դրա արդյունքում մասնակցության տոկոսը կազմեց 52 տոկոս։ Ենթադրելի է, որ եթե Մոլդովայում կոպիտ միջոցներ չկիրառվեին, ապա Մայա Սանդուն կպարտվեր։ Եվ եթե ՀՀ-ում ոչ մի ռուսամետ ուժի մասնակցություն կասեցված չէ, ապա մեզ մոտ այդպիսի ռիսկ չկա։
Կարճ ասած՝ ընտրողների ակտիվությունը ընտրությունների արդյունքների հետ ուղիղ կապ չունի։ Սակայն ակտիվ մասնակցությունը ժողովրդավարության ավանդույթների ցուցիչ է։ Եթե շատ ընտրող է մասնակցում, նշանակում է՝ քաղաքական ուժերն արտացոլում են հասարակական տրամադրությունները։ Իսկ սա քաղաքական համակարգի և հասարակության ներդաշնակության վկայություն է։