Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 21:25 15-05-2026

Որդեկորույս մայրը նախատեց Փաշինյանին, գործարարը կալանավորվեց,հարկադրում են ՔՊ-ին ընտրել․ Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 15-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Շենգավիթում նախընտրական քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանին քննադատած ու նրան ոչ եթերային բառերով դիմած գործարար Արտակ Ավետիսյանը մեկ ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Քննչական կոմիտեն նախօրեին հայտնել էր, որԱվետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութի ընթացքում կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ): Փաստաբանը փոխանցել է նաև, որ Ավետիսյանը մեղադրանքը չի ընդունում:

«Փաստերի ստուգման հարթակը», «Անկախ դիտորդի» թիմի աջակցությամբ գաղտնի նկարահանումներով բացահայտել է, որ Քանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները մի շարք խանութների ու սննդի օբյեկտների վրա, երբեմն՝ ի հեճուկս վերջիններիս տերերի ցանկության, փակցրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի քարոզչապաստառները։ Այս մասին գրել է Դանիել Իոաննիսյանը։ «Նախ նշենք, որ սա խախտում է Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.1-ին մասի 2-րդ պարբերությունը, որը սահմանում է, որ արգելվում է քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի տեղադրումը հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վրա կամ դրանց ներսում։ Ապա արձանագրենք, որ համայնքային ծառայողների կողմից աշխատանքային օրը, աշխատանքային ժամին, ծառայողական պարտականությունների կատարման փոխարեն նախընտրական քարոզչանյութերի փակցնելը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով (պաշտոնեական դիրքի չարաշահում) նախատեսված հանցակազմ»,- նշել է նա, ապա՝ շարունակել․ «Ավելին, քանի որ իրականացրած գաղտնի տեսագրություններում հստակ երևում է, որ որոշ օբյեկտների սեփականատերերը կամ աշխատակիցները չեն աջակցում ՔՊ-ին կամ Նիկոլ Փաշինյանին, դա կարող է վկայել, որ քարոզչական նյութերի տեղադրումը կատարվել է ոչ կամավոր հիմունքներով։ Այդ դեպքում համայնքային ծառայողների արարքը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմ։ Իոաննիսյանը հավելել է, որ «Անկախ դիտորդ» դաշինքում արդեն իսկ նախապատրաստում են համապատասխան հաղորդումըԴատախազություն և դիմումը ԿԸՀ։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսել անձանց խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել հարկադրելու դեպքերով։ Այս մասին դաշինքը հայտարարություն է տարածել։ «Տեղեկություններ են ստացվել, որ պետական և ՏԻՄ մարմինների աշխատակիցներին հարկադրում են հունիսի 7-ի ընտրություններում քվեարկել իշխող կուսակցության օգտին` սպառնալով ազատել աշխատանքից։ Այդ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և վերահսկողության տպավորություն ստեղծելու նպատակով կազմվում են աշխատակիցների ցուցակներ։ Մենք փաստահավաք գործունեություն ենք սկսել, որպեսզի այդ ամենը բացահայտվի ու կանխարգելվի»,- ասված է հայտարարությունում։ Ահազանգող անձանց խնդրում են հնարավորության դեպքում հավաքել իրավախախտման վերաբերյալ ապացույցներ՝ սպառնալիքներ հնչեցնող անձանց ինքնությունը բացահայտող տվյալներ, ինչպես նաև տեսաձայնագրող սարքերով արձանագրված տեղեկություններ։ Քաղաքական ուժից ընդգծում են, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրելուն հարկադրելը հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ՝ 4-8 տարի ժամկետով ազատազրկում։ «Հայաստան» դաշինքն ընտրողներին հիշեցրել է՝ ընտրությունը գաղտնի է, իսկ գաղտնիության խախտումը՝ հանցագործություն։ Ընդգծել են՝ ոչ ոք իրավունք չունի վերահսկել անձի քվեարկությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել