copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 21:13 06-05-2026

Մոռացվել է, որ ոչ մի վիզայով այլևս հնարավոր չէ այցելել այնպիսի սրբազան անկյուն, ինչպիսին Ամարասի վանքն է. իրանագետ

Հայաստանում սպառողականության անսանձ քարոզի և թաքուցյալ գավառականության միախառնման հետևանքով ձևավորվել է խորապես բարդույթավորված մի նկատելի խավ, որը թեև այդ մասին չի բարձրաձայնում, բայց ներքուստ համոզված է, որ Հայաստանը հետամնաց մի գավառ է, իսկ Եվրոպան ամենայն առաջադիմության ակունք և օրինակ։

Հենց սրանով է, ըստ իս, պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը և այդ նպատակով տարատեսակ նվաստացումների վրա աչք փակելը։

Հայաստանի սրբազան տարածքի, պատկերավոր ասած, մեկ-երկու քաղաքից բացի և Գառնի-Գեղարդից անդին երբևիցե չեղած այս խավի «դասական» որևէ ներկայացուցիչ հստակորեն գիտե ցանկացած պայմանական «Վիզէյրի» դեպի պայմանական Փարիզ յուրաքանչյուր ավիատոմսի գինը և տենչում է ձեռք գցել հերթական էժան տոմսակն ու ստանալ տենչալի վիզան և համալրել «երջսնիկների» շարքը։

Հենց այս խավի կրքերը հագուրդ տալու նպատակով է այսքան շեշտադրվում Հայաստանի արդի վիճակի համար բոլորովին ոչ այդքան կարևոր եվրոպական վիզաների ազատականացման ոչինչ չտվող ուռճացված խոսույթը, մինչդեռ գրեթե մոռացվել է, որ ոչ մի վիզայով այլևս հնարավոր չէ այցելել ընդամենը մի քանի տարի առաջ մեր հայրենիքի մաս այնպիսի սրբազան անկյուն, ինչպիսին, դիցուք, Ամարասի վանքն է։

Նողկալի է, երբ հենց այս խավի և դրա կրքերը հագուրդ տալուն միտված ականջ խլացնող աղմուկի պատճառով մեզանում լուսանցք է մղվել բնական, առողջ և աստվածահաճո մղումը կրկին հնարավորություն ստանալ այցելելու, օրինակ՝ մեր երանելի Սուրբ Մեսրոպի աննկուն ջանքով դեռևս 5-րդ դարում դպրոցի ավանդույթ ունեցած մեր սրբատեղին՝ Ամարասի վանքը։

Աննորմալ է, երբ որևէ մեկը ընդունում է Սուրբ Մեսրոպի կերտած հրաշագեղ այբուբենը, բայց ուրանում նրա հիմնած առաջին դպրոցն Արցախում, նրա խիզախ քարոզը Գողթան գավառում, նրա սրբատեղի-ծննդավայրը Տարոնի Հացեկաց գյուղում, և ձգտում հայրենիքի այս սրբազան անկյունների քաղցրությունը վայելելու բնական տենչանքը բթացնել Փարիզում ըմպած սուրճի դառնությամբ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում