Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 16:33 01-05-2026

«Մայիսի 1»-ը փուչիկներով տոնելու օր չէ. Էլեն Մանասերյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ի հետ զրույցում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն այսօր անդրադարձավ Մայիսի 1-ի խորհրդին, աշխատողների խնդիրներին և արհմիությունների դերին։

Նրա խոսքով՝ Մայիսի 1-ը ոչ միայն տոն է, այլև պայքարի օր՝ նվիրված այն աշխատողներին, որոնց շնորհիվ ձևավորվել են աշխատողների իրավունքները։

«Այս օրը միայն տոն չէ, այլ նաև ոգեկոչման օր է։ Մենք հիշում ենք այն աշխատողներին, որոնց պայքարի շնորհիվ այսօր նշում ենք Մայիսի 1-ը»,- նշեց նա։

Մանասերյանը պարզաբանեց, որ այս տարի ավանդական երթ չի կազմակերպվել, փոխարենը ընտրվել է այլ ձևաչափ։

«Որոշեցինք այս տարի երթ չանցկացնել և միջոցառումն իրականացնել այլ ֆորմատով՝ պանելային քննարկման միջոցով։ Սա կարևոր հարթակ էր, որտեղ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները, Մարդու իրավունքների պաշտպանը և գործատուները միասին քննարկեցին աշխատողների առջև կանգնած խնդիրները»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ նման քննարկումները հնարավորություն են տալիս բարձրաձայնել իրական խնդիրները և գտնել դրանց լուծման ուղիներ։

«Սա փուչիկներով տոնելու օր չէ։ Այսօր մենք ունենք լուրջ խնդիրներ՝ կապված աղքատության, սոցիալական արդարության և արդար վարձատրության հետ։ Այս հարցերը փողոցում երթերով չեն լուծվում, դրանք պետք է լուծվեն սոցիալական գործընկերության և երկխոսության միջոցով»,- ընդգծեց Մանասերյանը։

Նա նշեց, որ պետության, գործատուների և արհմիությունների միջև արդյունավետ համագործակցության բացակայության դեպքում խնդիրները շարունակելու են մնալ չլուծված։

Անդրադառնալով բողոքների դինամիկային՝ Մանասերյանը նշեց, որ 2024 թվականին խախտված աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներն ավելի շատ են եղել, քան 2025-ին։

«Կարծում եմ՝ սա նաև կանխարգելիչ աշխատանքի արդյունք է։ Շատ դեպքերում մենք կարողանում ենք կանխել խախտումները դեռ նախնական փուլում»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ կարևոր դեր են խաղում իրազեկման աշխատանքները, որոնք իրականացվում են ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների շրջանում։

«Մենք ամբողջ տարվա ընթացքում իրականացնում ենք սեմինարներ և իրազեկման ծրագրեր՝ նպաստելով նոր խախտումների կանխարգելմանը»,- ասաց նա։

Խոսելով առավել խնդրահարույց ոլորտների մասին՝ Մանասերյանը նշեց, որ խախտումները լայն տարածում ունեն հատկապես ծառայությունների և շինարարության ոլորտներում։

«Հատկապես շինհրապարակներում հաճախ խնդիրներ են լինում աշխատանքային պայմանների անվտանգության և կահավորման հետ կապված։ Այստեղ արդեն գործ ունենք մարդու կյանքի և առողջության հետ»,- ընդգծեց նա։

Նա անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտին՝ նշելով, որ թունաքիմիկատների կիրառումը կարող է երկարաժամկետ բացասական ազդեցություն ունենալ աշխատողների առողջության վրա։

Վերջում Մանասերյանը կոչ արեց աշխատողներին ավելի ակտիվ լինել իրենց իրավունքների պաշտպանության հարցում։

«Աշխատողները չպետք է անտարբեր լինեն իրենց իրավունքների նկատմամբ։ Պետք է ոչ միայն իրազեկվել, այլև փորձել իրացնել այդ իրավունքները։ Չպետք է հոգնել պայքարելուց, նույնիսկ եթե միշտ չէ, որ հաջողություն է գրանցվում»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ արհմիությունները պատրաստ են աջակցել աշխատողներին՝ թե՛ խորհրդատվությամբ, թե՛ պաշտպանության մեխանիզմներով։

«Կարևոր է առաջ շարժվել, դասեր քաղել նաև անհաջողություններից և շարունակել պայքարը»,- եզրափակեց Էլեն Մանասերյանը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից