Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 13:00 30-04-2026

Փոքրոգի են կամ անկեղծ չեն. ինչու չեն դատապարտում եկեղեցու ոչնչացումը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Պետական գիտակցություն չունեցողը քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի։ ՔՊ-ական պաշտոնյաների մի մասը, ենթադրաբար, չգիտի՝ ինչ է ազգային շահը, ազգային իդեալը, ազգային սրբությունը։ Այս կասկածը խորացավ օրեր առաջ, երբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ Հ1-ի եթերում վրդովվեցնող հայտարարություններ արեց։

«Երբ հարաբերությունների կարգավորման փուլում ես, երբ ուզում ես հարաբերությունները նորմալացնել, երբ նման հարց ես բերում օրակարգ՝ ինչ-որ տեղ ներքին գործերին չմիջամտելու բանով, եթե դա պատմական մշակութային ժառանգություն է՝ դա այլ ձևով է… Կարծում եմ, որ այդ ժառանգության կրողները կարող են այդ հարցը բարձրացնել… Բայց երկկողմ հարաբերությունների օրակարգում դա չի կարող լինել...»,- ասել էր նախարարը՝ անդրադառնալով Ստեփանակերտի եկեղեցին ոչնչացնելուն և ՀՀ իշխանության անտարբերությանն այդ ամենի նկատմամբ։ Նա նաև հավելել էր. «Իրենք կարող են շատ բան անել իրենց տարածքում։ Մենք չպետք է մեզ թույլ տանք տարվել էդ ամեն ինչով»։

Ինչո՞ւ է նախարար Թորոսյանն այսպիսի դիրքորոշում արտահայտում հայկական ժառանգության, եկեղեցիների ոչնչացման վերաբերյալ։

Նախարարին այս հայտարարությունների համար հանդիմանանքի խոսքեր են հղել թե՛ ընդդիմադիրները, թե՛ հանրային գործիչները, թե՛ հասարակ քաղաքացիները։ Մարդիկ մատնանշել են, որ միջազգային իրավունքը արգելում է երկրի տարածքում այլոց մշակութային ժառանգությունը ոչնչացնելը։ Նախարար Թորոսյանը չգիտի՞ միջազգային այս իրավունքի մասին։ Կամ գուցե ինքնիշխանության իրավունքի ընկալումները փոխվե՞լ են, և միայն ՔՊ-ն գիտի այդ փոփոխության մասին։

Օրինակ՝ ՌԴ-ն բծախնդիր է աշխարհում իր ազգային շահերի պաշտպանության հարցում։ ՀՀ իշխանությունները վախենում են նույնիսկ մտածել այն բաների մասին, որոնք, ենթադրաբար, կարող են Մոսկվայի վրդովմունքին արժանանալ։ Երբ 2016-ին Գարեգին Նժդեհի արձանը կանգնեցվեց Երևանում, Մոսկվան վայնասուն բարձրացրեց։ Մոսկվան ՀՀ ինքնիշխան իրավունքները չի հարգո՞ւմ, որ այս կերպ արձագանքեց։ Ամենևին, ռուսների համար Նժդեհը թշնամի է, քանի որ ռուսական գործակալների է նետել ձորը, նրանք իրենց ազգային շահերով են առաջնորդվում։

Նույն կերպ ցանկացած պետություն աշխարհում պաշտպանում է իր ազգային շահերը, արժեքները, սրբությունները։ Օրինակ՝ ժողովրդավար երկրների համար բարձրագույն արժեք են մարդու իրավունքները։ Եվ նրանք համարժեք արձագանքում են, երբ որևէ երկրում խախտվում են մարդու իրավունքները։

Հայաստանի համար արժեքներ, սրբություններ, ազգային շահեր կա՞ն։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը ԵԽ-ում բացականչում է՝ «Կեցցե՜ ժողովրդավարություն»։ Այս «կեցցեն» միայն ՀՀ տարածքո՞ւմ է, թե դրսում ևս կեցցե ժողովրդավարությունը։ Եթե միայն ՀՀ-ում լիներ, ապա Փաշինյանը ԵԽ-ում կգոռար «Կեցցե՜ ժողովրդավարությունը Հայաստանում»։ Սակայն նա ասել է «Կեցցե՜ ժողովրդավարությունը»։ Հետևաբար՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար արժեք են նաև ՀՀ-ի սահմաններից դուրս։ Սակայն ՀՀ իշխանությունը ե՞րբ է հանդես եկել այլ երկրում ժողովրդավարության պաշտպանությամբ։ Կարելի՞ է ասել, որ ՔՊ-ական իշխանություններն այս առումով անկեղծ չեն կամ փոքրոգի են։

Փաշինյանը հանդես է գալիս նաև որպես քրիստոնյա։ Կիրակի պատարագի է մասնակցում որպես հավատավոր քրիստոնյա, եկեղեցու նվիրյալ, օրինագիծ է անցկացնում եկեղեցու գույքը տնօրինելու իրավունքի սահմանափակման մասին։ Այդ եկեղեցու մի հատված է ոչնչացվում Արցախում։ Ինչո՞ւ ձայն չեն հանում։ Չեն հասկանո՞ւմ, որ եկեղեցին մեկ օրգանիզմ է, որը կառույցներ ունի ոչ միայն ՀՀ-ում, այլև Արցախում, այլ երկրներում։ Նույնիսկ եթե ՔՊ-ն հրաժարվել է Արցախի ազատության համար պայքարից, Արցախը հայրենիքի մաս դարձնելու երազանքից, Արցախում հայերի ապրելու բնական իրավունքից, սակայն ո՞վ է ստիպում ՔՊ-ին չդատապարտել Ադրբեջանի վանդալիզմը, մի խոսք չասել ի պաշտպանություն մեր մշակութային ժառանգության, մեր սրբությունների։ Անկեղծ չե՞ն, թե՞ փոքրոգի են։

Կարճ ասած՝ ամոթալի է, որ ՔՊ-ական իշխանությունները չեն դատապարտում Արցախում եկեղեցու ոչնչացման փաստը։ Ենթադրելի է, որ ՔՊ-ական իշխանությունները չունեն ազգային սրբությունների գիտակցում, նրանց համար հայկական, քրիստոնեական եկեղեցին ու նրա իրավունքները խորթ են, պաշտպանության արժանի չեն։ Ողջամիտ կասկած կա նաև, որ նրանք անկեղծ չեն, երբ ներկայանում են իբրև քրիստոնյա, ժողովրդավար, մարդասեր։ Առավել վտանգավոր է այն ենթադրությունը, որ ՔՊ-ական իշխանությունները պարզապես վախենում են պաշտպանել մեր սրբությունները, քանի որ իրենց սխալ դիրքորոշմամբ ՀՀ-ն հասցրել են այնպիսի խոցելի վիճակի, որ չբարեկամները նույնիսկ մանր պատրվակով կարող են լեգիտիմ ագրեսիա սանձազերծել ՀՀ-ի դեմ։

Թաթուլ Մկրտչյան