copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 22:47 19-04-2026

Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար

Ապրիլի 15-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպման շրջանակում կազմակերպված «Ժողովրդավարական դիմակայունության ամրապնդումը Հայաստանում և վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը» խորագրով պանելային քննարկմանը։

Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Արփինե Սարգսյանը քննարկման վերտառությունը խորհրդանշական է համարել՝ նշելով, որ վիզաների ազատականացման գործընթացը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին տեխնիկական գործընթաց, այլ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և դիմակայունության բարձրացման կարևոր գործիք, ինչը նաև ժողովրդավարական արժեքների վերարժևորման մասին է։

Նախարար Սարգսյանը նշել է, որ ԵՄ-ից ստացված Գործողությունների ծրագիրը լիարժեքորեն համընկնում է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի հետ, ինչը թույլ է տալիս վստահությամբ պնդել, որ ձեռնարկված քայլերի՝ պատշաճ ժամկետներում իրականացման դեպքում վիզաների ազատականացման հեռանկարը իրատեսական է։

«Այս գործընթացն իրատեսական է, որովհետև առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը ունի քաղաքական կամք՝ իրականացնելու գործընթացը և այն հանգուցալուծել ճիշտ տրամաբանության մեջ։ Եվ երկրորդ՝ գնալով ավելի են սերտանում ՀՀ-ԵՄ հարաբերությունները, այն է՛լ ավելի է ամրապնդվում, է՛լ ավելի նոր ուղղություններ են գրանցվում մեր համատեղ համագործակցության օրակարգում, և եթե կա երկկողմ հանձնառություն, երկկողմ կամք, երկկողմ պատրաստակամություն, ջանք, ապա Հայաստանի Հանրապետությունում վիզաների ազատականացման գործընթացը ուղղակի ժամանակի հարց է»,-նշել է նախարար Սարգսյանը։

ՆԳ նախարարը հատկանշական է համարել, որ թեև գաղափարական առումով գործընթացը պետության զարգացման մասին է, բայց քաղաքացու տեսանկյունից այն առաջին հերթին «ճամփորդության ժողովրդավարացումն» է՝ տեսանելի և շոշափելի փոփոխություն, որը կհեշտացնի մարդկանց կյանքը։

Արփինե Սարգսյանը շեշտել է, որ վիզաների ազատականացման գործընթացը կենսական նշանակություն ունի ոչ միայն քաղաքացիների ազատ տեղաշարժի, այլև գործարար միջավայրի համար։ Նրա խոսքով՝ գործընթացը չպետք է սահմանափակվի միայն այցելություններով․ անհրաժեշտ է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) գործիքակազմը կիրառել և այն համալրել գործնական բովանդակությամբ՝ ստեղծելով բիզնեսի զարգացման համար առավել լայն հնարավորություններ։

Ընդգծվել է գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության անհրաժեշտությունը որպես «օբյեկտիվ աչք»՝ անկողմնակալ գնահատելու Կառավարության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքն ու արդյունավետությունը։

Պանելային քննարկմանը մասնակցում էին նաև ԵԽ արդարադատության բարեփոխումների գծով խորհրդատու Լիլիթ Դանեղյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավարի տեղակալ Տոմաշ Օստրոպոլսկին, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ավագ փաստաբան Հասմիկ Հարությունյանը և Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի անդամ Սիմո Տիայնեն։

Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ