Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 ամիս առաջ - 18:36 14-04-2026

Ալեքսանյանը բաց է թողնում միայն Տիրանայում կայանալիք ԵԱ-ն․ խոսք անգամ չկա մեկ տարվա դադարի մասին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը եզրափակիչ նախապատրաստական փուլն է անցնում ապրիլի 20-26-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ։

Այսօր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփել է կատարված աշխատանքն ու վերջակետ դրել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի շուրջ շրջանառվող խոսակցություններին։

Չնայած մարզական գործընթացին բնորոշ մանր վնասվածքներին՝ հավաքականի ընդհանուր պատրաստվածությունը գնահատվում է դրական։ Բաբալարյանն ընդգծել է, որ Տիրանա է մեկնում երիտասարդացված կազմ։ Թիմում ընդգրկվել են նաև վերջերս Եվրոպայի Մ23 առաջնությունում փայլած և ոսկե մեդալ նվաճած Սուրեն Աղաջանյանն ու բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանը։

Թեև երիտասարդ ըմբիշները լիարժեք վերականգնվելու քիչ ժամանակ են ունեցել, սակայն այս փուլում համարժեք փոխարինողների բացակայության պայմաններում որոշում է կայացվել նրանց վստահել մեծահասակների պայքարում իրենց դրսևորելու հնարավորությունը։

Առանցքային թեմաներից մեկը թիմի առաջատար Արթուր Ալեքսանյանի բացակայությունն էր։ Գլխավոր մարզիչը խստորեն հորդորել է լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և փաստերն աղավաղելուց։

«Խնդրում եմ չաղավաղել։ Արթուրը Գերմանիայում մեկամսյա բուժման կուրս է անցել և արդեն վերադարձել է թիմ։ Նա գորգի վրա է, ակտիվորեն մարզվում է և զուգահեռ շարունակում վերականգնողական գործընթացը։ Ուզում եմ հստակ ընդգծել՝ Ալեքսանյանը բաց է թողնում միայն և միայն Տիրանայում կայանալիք այս Եվրոպայի առաջնությունը։ Խոսք անգամ չկա մեկ տարվա դադարի կամ աշխարհի առաջնությունը բաց թողնելու մասին։ Խնդրում եմ անտեղի ենթադրություններ չանել և կենտրոնանալ իրական փաստերի վրա»,- լրագրողների հետ զրույցում նշել է Բաբալարյանը։

Տիրանայում 97 կգ քաշային կարգում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի աշխարհի Մ-23 չեմպիոն Հայկ Խլոյանը, որն, ըստ մարզչի գնահատականի, այս պահին գտնվում է հիանալի մարզավիճակում։