Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:30 31-03-2026

Փաշինյանը ՌԴ է գնում, Կարապետյանն Ավինյանի՞ հետ է դաշինք կազմել, Խաչատուրյանը ՍԴ դիմեց․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է մարտի 31-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված Միքայել Մինասյանը Քննչականից ազատ արձակվեց: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: Միքայելի եղբորը՝ Դավիթ Մինասյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Փաստաբանը հայտնեց՝ Դավիթին Քննչականից արդեն տարել են դատարան: Միքայել Մինասյանը լրագրողներին ասաց, որ լավ է, իրեն լավ են վերաբերվել, այլ հարցերի չցանկացավ պատասխանել: Միքայել Մինասյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ ոչ մի հարված չի եղել, կադրերում երևացողը անգամ հարվածի փորձ էլ չէ: Նա նշեց, որ կաշկանդված է նախաքննության գաղտնիությամբ և չի կարող մանրամասներ հայտնել: Փաստաբանն ընդգծեց, որ տղաները որևէ հանցագործություն չեն կատարել, քաղաքականացված չեն: Դավիթ և Միքայել Մինասյանները Քննչական կոմիտեում էին՝ հարցաքննության: Քննչականը նրանց առավոտյան մեղադրանք է առաջադրել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով: Երրորդ մեղադրյալ Գևորգ Գևորգյանը ևս ազատ արձակվեց, խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը: Գևորգյանը մեղադրվում է խուլիգանությունը կազմակերպելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու հոդվածներով: Նա ասաց, որ մեղքը չի ընդունում, ոչինչ չի կազմակերպել, այդ տղաներին էլ չի ճանաչում: Նա անցած շաբաթ մասնակցում էր 44-օրյա պատերազմի զեկույցը հանրայնացնելու պահանջով խորհրդարանի դիմացի ակցիաներին:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կառավարությունից հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնում։ Իր վերջին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանն անդրադարձել էր իր և Ռուսաստանի նախագահի հանդիպման շուրջ մեկնաբանություններին, թե հենց ինքն է մինչև ԱԺ ընտրությունները հանդիպում խնդրել: «Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, և ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ինչ պետություն է Ռուսաստանը, ինչ պետություն է ԱՄՆ-ն, ինչ պետություն է Գերմանիան, ինչ պետություն է Ֆրանսիան, ինչ է ԵՄ-ն: Գիտե՞ք՝ սովորաբար ես եմ հանդիպում խնդրում և ոչ թե հակառակը: Հա, ես բոլորին էլ խնդրում եմ հանդիպել, դա ինձ համար նվաստացուցիչ չէ, ինչքան էլ հանդիպում եղել է 90..., ես չեմ հիշում՝ այլ նախաձեռնությամբ լինի, Ռուսաստանի նախագահն ինձնից պե՞տք է հանդիպում խնդրի, մի քիչ էլ երկրների քաշային կարգի... այսինքն Ռուսաստանի նախագահն ինձնից պե՞տք է հանդիպում խնդրի, պարզ է՝ ես պետք է խնդրեմ, կամ Ֆրանսիայի նախագահը պե՞տք է հանդիպում խնդրի, ինչքան էլ ջերմ անձնական... և՛ Ռուսաստանի նախագահի հետ, և՛ Ֆրանսիայի նախագահի հետ... որովհետև դա հակառակ կերպ մտածել, նշանակում է իրականության զգացումը կորցնել», - ասել էր Փաշինյանը: Հարցին՝ արդյոք հեռախոսազրույցի ընթացքում քննարկվե՞լ է Հարավկովկասյան երկաթուղու կառավարումը ռուսական կողմից վերցնելու և երրորդ այլ երկրի, օրինակ, ղազախական կողմին փոխանցելու հարցը, նա պատասխանեց. «Մենք դեմ չենք լինի, եթե պարզվի՝ մեր և Ռուսաստանի միջև կա փոխադարձ ըմբռնում, որ ղազախական ընկերությունը երկուսիս համար էլ ընդունելի է: Այնպես չէ, որ ՌԴ գործընկերները ասել են՝ լավ, համաձայն ենք, եկեք այդպես անենք, նկատի ունեմ՝ քննարկման այլ ռեժիմ է, այդպես գաղափարներ կան թևածող»:

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Քաղաքական այս ուժի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն այսօր դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր ստորագրեց «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։ Ուշագրավ է, որ «Նոր դարաշրջան»-ի նախագահ Հարություն Հարությունյանը եղել է Տիգրան Ավինյանի փաստաբանը, մասնավորապես՝ լրատվամիջոցների դեմ հայցերում։ Ավինյանը նախորդ տարիներին դատի է տվել Oragir.News-ին, «Փաստինֆո»-ին, 168․am-ին և լրագրող Դավիթ Սարգսյանին, Civilnet-ին, «Ժողովուրդ» օրաթերթին, և բոլոր այս դեպքերում քաղաքագլխի շահերի պաշտպանությունն իրականացրել է Հարությունյանը։ Բացի այդ, նորաթուխ ընդդիմադիր գործիչը Տիգրան Ավինյանի օրոք աշխատել է նաև ԱՆԻՖ-ում, եղել է դատական գործերի համակարգման պատասխանատուն, կլորիկ աշխատավարձ ստացել հիմնադրամից, ու անգամ քրեական վարույթների հարուցումից հետո նա «Հետք»-ին տված հարցազրույցում մտահոգիչ չէր համարել, որ այնտեղ աշխատանքի են ընդունվել բարձրաստիճան իրավապահների հարազատները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում