Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 19:47 29-03-2026

Նաբիլ Ֆահմին ընտրվել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար

Եգիպտոսի նախկին արտգործնախարար Նաբիլ Ֆահմին ընտրվել է Արաբական պետությունների լիգայի նոր գլխավոր քարտուղար՝ փոխարինելով ներկայիս ղեկավար Ահմեդ Աբուլ Ղեյթին։ Այս մասին կիրակի հայտնել է Al Arabiya-ն՝ վկայակոչելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրները։

Աղբյուրները հայտնել են, որ անդամ պետությունները փոխհամաձայնությամբ հաստատել են Ֆահմիի նշանակումը արաբական երկրների արտգործնախարարների 165-րդ նստաշրջանում։

Նա պաշտոնը կստանձնի հուլիսի 1-ին։ Ֆահմին համարվում է արաբական աշխարհի ամենաակնառու դիվանագետներից մեկը. միջազգային հարցերում նրա գործունեությունը տասնամյակների պատմություն ունի։

Ծնվել է 1951 թվականին, Եգիպտոսի հանգուցյալ արտգործնախարար Իսմայիլ Ֆահմիի որդին է։

Նա զբաղեցրել է Եգիպտոսի արտգործնախարարի պաշտոնը ապստամբությունից հետո ընկած ճգնաժամային ժամանակահատվածում՝ 2013 թվականի հունիսի 30-ից մինչև 2014 թվականի հունիսը։ Այդ ընթացքում նա ղեկավարել է Եգիպտոսի դիվանագիտական ջանքերը՝ միջազգային մակարդակում երկրի քաղաքական ուղին հստակեցնելու և տարածաշրջանում դերակատարությունը վերականգնելու ուղղությամբ։ Ֆահմին նաև եղել է Եգիպտոսի դեսպանն ԱՄՆ-ում (1999-2008 թթ.), ինչպես նաև Ճապոնիայում և ներկայացրել է Եգիպտոսը ՄԱԿ-ի զինաթափման հարցերով մի քանի հանձնաժողովներում։