copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 21:55 17-03-2026

Ինչ ռիսկեր կան ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման շուրջ ծավալվող քննարկումներում․ փորձագետ

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման շուրջ ծավալվող քննարկումները, մասնավորապես տարբեր հզորությունների ռեակտորների առաջարկը՝ փոքր մոդուլայինից մինչև խոշոր բլոկներ, ակտուալացնում են մի քանի հիմնարար ռիսկեր, որոնք անտեսելը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ երկրի էներգետիկ անվտանգության համար։

Առաջին հերթին, կարևոր է հասկանալ, որ Հայաստանը չպետք է վերածվի տեխնոլոգիական փորձարարական դաշտի։ Փոքր մոդուլային ռեակտորների (SMR) գաղափարը, որքան էլ գրավիչ լինի իր ճկունությամբ և համեմատաբար ցածր նախնական ներդրումներով, դեռևս լիարժեք արդյունաբերական մասշտաբով ապացուցված չէ։ Համաշխարհային պրակտիկայում նման նախագծերի մեծ մասը մնում է կոնցեպտուալ կամ փորձնական փուլում։ Այս պայմաններում նման տեխնոլոգիաների ներդրումը փոքր և խոցելի էներգահամակարգ ունեցող երկրի համար կարող է ստեղծել ոչ միայն տեխնիկական, այլև համակարգային ռիսկեր։

Երկորդ՝ ընտրությունն ի օգուտ մոդուլային ռեակտորի կարող է հանգեցնել արտահանման հնարավորությունների կրճատման։ Եթե Հայաստանը հրաժարվի խոշոր բազային գեներացիայից՝ հօգուտ փոքր մոդուլային լուծումների, ապա էներգահամակարգը կկորցնի այն ծավալային առավելությունը, որը թույլ է տալիս հանդես գալ որպես տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ խաղացող։ Սա հատկապես կարևոր է Իրանի և Վրաստանի հետ էներգետիկ փոխանակումների համատեքստում:

Երրորդ՝ ֆինանսատնտեսական հաշվարկը նույնպես միանշանակ չէ։ Թեև փոքր ռեակտորների կառուցման արժեքը համեմատաբար ցածր է, դրանց արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, ըստ առկա գնահատականների, չի կարող մրցել խոշոր բլոկների հետ։ Սա նշանակում է, որ երկարաժամկետ հեռանկարում սպառողը կարող է բախվել ավելի բարձր սակագների, ինչը սոցիալ-տնտեսական զգայուն հարց է։

Այսօր «Ռոսատոմի» կողմից ներկայացված առաջարկը համակարգային առումով առավել քան տեղավորվում է Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ շահերի մեջ։ Խոսք գնում է ամբողջական ցիկլի մասին՝ ներառյալ վառելիքի մատակարարումը, օգտագործված վառելիքի կառավարումն ու տեխնիկական սպասարկումը։ Նման ինտեգրված մոտեցումը հատկապես կարևոր է փոքր շուկա և սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար, քանի որ նվազեցնում է համակարգային անորոշությունները և ապահովում կայունություն շահագործման ողջ ցիկլի ընթացքում։ Բացի այդ, արդեն գոյություն ունեցող փորձը և ինստիտուցիոնալ կապերը ստեղծում են կանխատեսելի միջավայր, որը դժվար է վերարտադրել այլընտրանքային մոդելների դեպքում։

Վերջապես, ռազմավարական պլանավորման բացակայությունը կամ անորոշությունը կարող է դառնալ գլխավոր ռիսկը։ Նոր ատոմակայանի շահագործման ժամկետը գնահատվում է տասնամյակներով, և այսօրվ կայացվող որոշումները փաստացի կանխորոշելու են Հայաստանի էներգետիկ ճարտարապետությունը մինչև կես դար առաջ։ Այդ պատճառով ընտրությունը պետք է հիմնված լինի ոչ թե տեխնոլոգիական առաջարկների բազմազանության, այլ հստակ ձևակերպված ազգային էներգետիկ ռազմավարության վրա։

Ամփոփելով՝ Հայաստանի համար առանցքային խնդիրն է ոչ թե «ինչ կառուցել»-ը, այլ «ինչի համար կառուցել»-ը։ Եթե այս հարցին չի տրվում համակարգային պատասխան, ապա ցանկացած տեխնոլոգիական լուծում կարող է վերածվել նոր կախվածության, ֆինանսական բեռի և ռազմավարական սահմանափակումների աղբյուրի»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ